Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում բռնկված հրդեհից մահացել է 2 տարեց հայ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

d81eca8e-a578-4412-b7e7-c6454e44d95e.jpg

Հունվարի 23-ին Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում բռնկված հրդեհից մահացել է 2 տարեց հայ՝ կին և տղամարդ։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նա ասաց, որ հրդեհի հետևանքով կան նաև վիրավորներ։ «Հրդեհի պատճառը ստույգ չէ։ Կկարծվի, թե խոհանոցի մեջ է բռնկվել, բայց ստույգ, հստակ չէ։ Եկեղեցին չի վնասվել»,- նշեց Էստուկյանը։ «Ակոս»-ի խմբագիրն ասաց, որ մահացածները եկեղեցուն կից կացարանում (հյուրատանը) բնակվող մարդիկ են եղել։ Հրդեհը բռնկվել է հյուրատանը, որտեղ բնակվելիս է եղել 7 հոգի։

Բացի մահացածներից, ծխահարման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Էստուկյանը նաև ասաց, որ Շվեդիայում իսլամի «Ղուրան» սուրբ գիրքն այրելու դեպքին հաջորդեց հայկական եկեղեցում տեղի ունեցածը։ «Անմիջապես տեղի ունեցավ այս։ Մտածողներ եղան, որ այս դեպքը եղավ որպես դրան հակազդեցություն, բայց հստակ տվյալներ չկան այդ մասին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ