Իսրայելի նախագահը ցավակցել է ՀՀ նախագահին հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1102461

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակից, նամակում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։

--00—ՅՄ