«Երբեք չլինեք միջակ»․ Սյունիքի մարզի 3 համայնքների աշակերտներն այցելել են Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

«Յուրաքանչյուր ոլորտ ընտրելիս՝ միշտ հիշեք, որ կարեւորն այդ ոլորտում լինեք լավագույնը: Երբեք չլինեք միջակ. միջակությունը ձեզ համար չպետք է լինի ցուցանիշ: Մի՛ վախեցեք սխալվելուց եւ միշտ շարժվե՛ք  առաջ. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Սյունիքի մարզի Բնունիս, Նժդեհ եւ Տորունիք գյուղերի դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Աշակերտները հետաքրքրվել են կրթության ոլորտի փոփոխություններով, ինչին ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ աշակերտ լինելը կենսակերպ է, եւ շատ կարեւոր է խթանել կրթության ոլորտի զարգացմանը. դա նպաստում է երկրի առաջընթացին: 

Պատգամավորը հորդորել է աշակերտներին լինել ակտիվ քաղաքացիներ եւ բարձրաձայնել երկրի խնդիրները, փորձել լուծումներ առաջակել։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա աշակերտներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը, պատգամավորի աշխատանքի էությունը: Արմեն Խաչատրյանը նաեւ անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտությանը եւ նշել, որ կարեւոր է միջազգային հարթակներում պաշտպանել երկրի շահերը։ 

Այցի ընթացքում Արմեն Խաչատրյանը եւ Սիսակ Գաբրիելյանն աշակերտներին հորդորել են մասնագիտության ընտրության հարցում լինել ուշադիր՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է սիրով կատարել։

Հյուրերը բարձրաձայնել են իրենց համայնքներում առկա խնդիրները։ Մասնավորապես, աշակերտները մտահոգված էին մարզերում երիտասարդների համար զբաղվածության կենտրոնների պակասով, ինչին ի պատասխան՝ պատգամավորներն անդրադարձել են մարզային խնդիրներին եւ ապագայում սպասվող փոփոխություններին։ 

Այցի ընթացքում խոսվել է նաեւ մշակութային, տնտեսական հարցերի մասին, պատգամավորները կարեւորել են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը եւ դպրոցների վերանորոգումը:
Ուսուցիչներն էլ իրենց հերթին նշել են սահմանամերձ գյուղերի դպրոցներ այցերի, ինչպես նաեւ դպրոցներին հավելյալ ուշադրության արժանացնելու անհրաժեշտության մասին: Պատգամավորները խոստացել են նպաստել նմանատիպ այցերի կազմակերպմանը: 

Հագեցած օրվա ավարտին հյուրերը եղել են Ազգային ժողովի թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

--00—ԼՄ