Ցանկանում են ՌԴ ռազմաբազան հանել ՀՀ-ից, ԵՄ դիտորդների գալը կարևոր քայլի առաջին փուլն է. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Եվրոպական միության դիտորդական առաքելության Հայաստան գալը վկայում է քաղաքական գործընթացի մասին, ականատես ենք լինում, որ Հայաստանն իր աշխարհաքաղաքական վեկտորը փոխում է, Արևմուտքը ԵՄ դիտորդների միջոցով ՀՀ-ում ոտքի տեղ է անում, հետագայում ավելի ամուր հիմքեր ունենալու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ-վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի համոզմամբ, եթե ՀՀ-ն խորացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ, կվատանան հարաբերություններն իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ, բայց, միևնույն ժամանակ, ձեռք չի բերի համապատասխան ռեսուրսով այլ դաշնակցի և կարող է հայտնվել Սիրիայի կարգավիճակում, բոլոր շահագրգիռ ուժերը տարածաշրջանում կփորձեն կարկանդակից իրենց բաժինը վերցնել:

«ԵՄ ներկայությունը կարևոր քայլի առաջին փուլն է, նպատակն է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, դրա հետ է կապվում նաև Լաչինի միջանցքի փակումը, հիմնական խնդիրը ռուսներին հանելն է՝ սկզբից Արցախից, հետո նաև Հայաստանից ռազմաբազան դուրս բերելը»,- նկատեց նա: Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Հակոբյանը ընդգծեց, որ շատ արևմտամետ երկրներ չեն կարողանում ԵՄ ու ՆԱՏՕ անդամ դառնալ, քանի որ անդամ դառնալը լրացուցիչ գլխացավանք է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար:

«Հայաստանը մի անվտանգային համակարգից դուրս գալու և մյուսին միանալու համար պետք է ռեսուրսներ ունենա կամ պետք է նրանց կողմից գոնե ցանկություն լինի, որ պատրաստ են փոխարինել: Արևմուտքում լավ հասկանում են, որ կան չլուծված խնդիրներ և մտնել այն տարածաշրջան, որտեղ կա Իրան, լրացուցիչ գլխացավանք է: Այս ամենը ավելի շատ քարոզչական հնարքներ են ապագա և ներկա բանակցությունների համար ռեսուրսները համադրելու նպատակով»,- ավելացրեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ