Համաշխարհային բանկի ներկայացուցիչները արդյունավետ են որակել սոցապնախարարության հետ գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) շրջանակում իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների վերակառուցմանը, վերանորոգմանն ու վերազինմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև Միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը․ քննարկվել են ծրագրին վերաբերող մի շարք հարցեր ևս։

Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կառուցման գործում ՀԲ-ի ունեցած նշանակալի դերը։

Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) համակարգող Վիգեն Անանյանը ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության՝ շինարարական աշխատանքների փուլում գտնվող տարածքային կենտրոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Վերջինս հայտնել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն և կավարտվեն սահմանված ժամկետում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս արդյունավետ են որակել նախարարության հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղել ջանքերը ծրագրի արդյունավետ ընթացքի ապահովման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

--00—ԼՄ