ՀՀ քաղաքացիները կկարողանան ԱՄԷ այցելել առանց մուտքի արտոնագրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

l-sUZA6otSV2

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, քաղաքական խորհրդակցություններ, գործարար հանդիպումներ, 2019թ․՝ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Դեռևս 2017-ին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը: ՀՀ կառավարությունը 2017թ. հունվարին համաձայնություն էր տվել երկու երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել:

Այժմ գործընթացը վերսկսվել է և այս արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

2022թ․ դեկտեմբերին ստորագրվել է«ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղթերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։

--00—ՅՄ