Իտալական պարբերականն անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի դեսպանի հետ քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ecfd102e-240b-43fe-bf1a-3507b5154790.jpg

Իտալական L’Espresso պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Պատգամավորների պալատի Արտաքին հանձնաժողովի պատգամավորները Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովին հրավիրել են Իտալիայի խորհրդարան, որպեսզի տեղեկություններ ստանան Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանի դեսպանը, նույնիսկ չսպասելով հարցերի՝ հիշեցրել է, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափեր:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան Պատգամավորների պալատում, հստակ բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածություն ոչ այնքան ժողովրդավարական պետություններից։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների օրը, Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովը մոտ տասը րոպեի ընթացքում բազմաթիվ զրույցներ է վարել խորհրդարանականների, ինչպես նաև մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ նախօրոք ներկայացնելով փաստերի իր տարբերակը, պատասխաններ տալով՝ նախքան հարցեր ստանալը և առաջին հերթին հիշեցնելով բարեկամ իտալացիներին, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափեր»,- ասվում է հոդվածում:

Իտալական պարբերականը հիշեցնում է, որ ավելի քան 120,000 հայերը, ովքեր ապրում են ճանաչում չստացած Արցախի Հանրապետությունում՝ հայտնվել են թակարդում, սովի մեջ՝ առանց սննդի, դեղորայքի, հույսի։

«Երեկ Պատգամավորների պալատը լսել է Հայաստանի դեսպանին, այսօր հերթը հասավ ադրբեջանցի գործընկերոջը, որն անշուշտ, ուրախ չէր, որ ստիպված էր արդարացնել իր իշխանությանը բարեկամ/գնորդ իտալացիների առջեւ»,- ընդգծել է հոդվածի հեղինակ Կառլո Տեչչեն:

Հոդվածագիրը շեշտել է, որ ըստ մեթանի հոսքերի վերաբերյալ Nomisma ընկերության հաշվարկների՝ Ռուսաստանից գազի ներկրման անկումը փոխհատուցել է հատկապես Ադրբեջանը. Բաքուն այն հասցրել է 10,2 միլիարդ խորանարդ մետրի՝ 3 միլիարդով ավելի, քան 2021 թվականին:

«Այսօր ադրբեջանական ներդրումները համարժեք են ռուսականին, և հեռանկարում դրանք կարող են արագ աճել»,- ընդգծել է հեղինակը:

--00—ԶՀ