Մեր քաղաքացիները ԵԽ-ից ակնկալիք չունեն․ այն վերածվում է ավտորիտար ռեժիմները օրինականացնող հարթակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

գգ

Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի, «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը։

«Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որեւէ էական ակնկալիք չունեն:

Առաջարկում եմ միասին մտորել ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների եւ ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի:  Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:

Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ եւ ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետեւել դրա կանոններին, եւ դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որեւէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:

Միեւնույն ժամանակ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը եւ Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում եւ ընդունում են հասարակական եւ քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետեւել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային եւ վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են եւ նույնն են բոլորի համար», - նշել է Արմեն Գեւորգյանը:

--00—ԱՊ