Հայաստանում շուրջ 105 երեխա ապրում է խնամատար ընտանիքներում․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

327669795_858682845185551_5877979751947087337_n

Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանում կայացել է խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրումը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Գործադիր և օրենսդիր մարմինների, ՀՀ-ում դիվանագիտական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,  ինչպես նաև Հայաստանում խնամատարություն ստանձնած ծնողները ֆիլմի միջոցով ծանոթացել են Չինաստանում ապրող առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաներին խնամատար ընտանիքներում տեղավորելու պատմություններին։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որի հերոսը՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերն ու նախաձեռնության մյուս ներկայացուցիչները նախարար Մկրտչյանի հրավերով ժամանել է Հայաստան՝ ֆիլմի ցուցադրմանը ներկա գտնվելու և սեփական փորձով կիսվելու համար։ 

Միջոցառման շրջանակում Նարեկ Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ նախարարությունը նպատակ ունի  Հայաստանում հնարավորինս զարգացնել խնամատարության ինստիտուտը, և հնարավորություն տալ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ապրել ընտանիքում․ «Հայաստանում շուրջ 105 երեխա արդեն իսկ ապրում է խնամատար ընտանիքներում և մենք լիահույս ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա։ Իրազեկվածության բարձրացման, լավագույն փորձի փոխանակման նպատակով՝ Հայաստան ենք հրավիրել մարդկանց, որոնք տարբեր երկրների կառավարությունների օգնել են ոչ միայն քաղաքականության մշակման գործընթացներում, այլ նաև հենց իրենք իրականացրել ու դարձել են հերոսական օրինակ՝  իրենց ջանքերով Չինաստանում զարգացնելով այս ինստիտուտն ու ավելի քան մեկ միլիոն երեխայի պարգևելով ընտանիքներ»,- նշել է նախարարը։

Փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է այդ պատմությունը, արժանացել է միջազգային արձագանքի՝  ընդգրկվելով տարբեր կինոփառատոններում, դառնալով բովանդակություն մի շարք գրքերի ու հոդվածների համար։

«Ֆիլմի հիմնական ուղերձն այն է, որ երեխաները մեր ապագան են, ու նրանք պետք է մեծանան ընտանիքներում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կլինի փարոս ու տարածաշրջանին ցույց կտա լավ օրինակ այն մասին, որ ցանկացած երեխա պետք է մեծանա ընտանիքում»,- իր ելույթում նշել է Ռոբերտ Գլովերը։

Միջոցառման շրջանակում իր անձնական փորձառությունն  է ներկայացրել նաև ՀՀ-ում խնամատարություն ստանձնած ծնողներից Աննա Պերյանը, ով  հոգեզավակին խնամք ու դաստիարակություն է տալիս 2018 թվականից․ «Այն երեխան, որը դժվարին իրավիճակում է հայտնվել, ինքն ավելի խոցելի է: Խնամատարության մեջ կա նման հասկացողություն «անտեսանելի պայուսակ»․ դա այն հույզերն ու մտքերն են, որոնք ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան: Խնամատարության նպատակն այդ պայուսակը դատարկելն է»,-նշել է Աննան:

Ֆիլմի դիտմանը հաջորդել է հարցուպատասխան՝ ֆիլմի բովանդակության և առհասարակ խնամատարության ինստիտուտի վերաբերյալ։

Ֆիլմի հայերեն թարգմանությունն իրականացվել է Հանրային հեռուստաընկերության կողմից․ միջոցառման կայացմանն աջակցել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

--00—ՅՄ