Պետք է կարողանալ տարբերել կեղծ լուրերը՝ իրականից․ Լենա Նազարյանը պատասխանել է աշակերտների հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2023-01-26_15-08-30

«Հարուստ են այն պետությունները, որոնք ունեն կայացած եւ զարգացած ինստիտուտներ, աղքատ են այն պետությունները, որոնք թերացել են կառուցել իրենց պետական ինստիտուտները»,- «Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ, իսկ որոշները՝ աղքատ» գրքից մեջբերել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից։

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ Լենա Նազարյանն անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին՝ կարեւորելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը։

Խոսելով մեդիագրագիտությունից՝ նա նշել է, որ այն պետք է սերմանել վաղ հասակից։ «Հատկապես այս ժամանակահատվածում, երբ բազմաթիվ են ինֆորմացիայի առցանց աղբյուրները, պետք է կարողանալ տարբերել կեղծ լուրերը՝ իրականից»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող աշակերտի հարցին՝ պատգամավորը նշել է․ «Հայաստանի անելիքն այս դաշտում բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելն է»։ Նա նշել է, որ մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ։

«Ազգային ժողովը մեր երկրի գլխավոր քաղաքական ինստիտուտն է, հիմնական որոշումներն ու օրենքները մեր երկրի հետ կապված ընդունվում են այստեղ»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարան այցելած Երեւանի Ներսես Մեծի թիվ 124 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի դերը, գործունեությունը։

Պատասխանելով աշակերտի այն հարցին, թե արդյո՞ք դժվար չէ պատգամավոր լինելը՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ շատ պատասխանատու աշխատանք է։ Նա տեղեկացրել է, որ պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչներն են, նրանք պիտի ընտրողների խնդիրները ներկայացնեն խորհրդարանում եւ փորձեն լուծումներ գտնել։ Խորհրդարանականը նաեւ ընդգծել է, որ պատգամավորներն ունեն նաեւ լիազորություններ՝ ներկայացնելու մեր երկրի խնդիրները տարբեր դիվանագիտական հարթակներում։

Պատգամավորը, պատասխանելով Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցին, նշել է, որ իշխանությունը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է այդ հարցը՝ ակնկալելով խնդիրը լուծել դիվանագիտական, բանակցային ճանապարհով։

Սարգիս Խանդանյանը, խոսելով կրթական ոլորտի բարեփոխումներից, անդրադարձել է ներառական կրթությանը, դրա կարեւորությանը։ Նա խոսել է նաեւ դպրոցների վերանորոգման եւ վերակառուցման ծրագրերից։

Հյուրերն այցի ընթացքում եղել են ԱԺ գրադարանում եւ թանգարանում:

--00—ՅՄ