Բաքուն գազի փականը շատ փոքր բացել է, որ միջազգային հանրությանը ցույց տա՝ իբր Արցախում գազի խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

մ

Արցախցիների մոտ մտավախություն կա, որ իրենց չդավաճանեն, և այդ մտավախությունն ամեն անգամ մեծանում է Հայաստանի վարչապետի ամեն խոսքից հետո։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների պայմաններում ստեղծված իրավիճակին։

Հակոբյանն ասաց, որ արցախցիները հաստատակամ են, որևէ մեկը չի պատրաստվում ընկրկել այս ծայրահեղ վիճակում․ «Մնացած առումով մարդիկ ինքնակազմակերպվում են, այս ցրտի պայմաններում բոլորն աշխատում են տներում վառարաններ ուենալ։ Իհարկե, որևէ մեկը չի հարմարվել իրավիճակին, բայց խուճակի մեջ չեն ընկնում, երբ որ գազը, հոսանքը չեն լինում։

«Արցախէներգո»-ն հրաշալի աշխատում է, վթարների դեպքում արագ արձագանքում է, հովհարային անջատումների մասին նախապես զգուշացնում է»։

Ինչ վերաբերում Արցախում գազամատակարարմանը, ապա պատգամավորն ասաց, որ Ադրբեջանը, ըստ էության, այն դադարեցրել է․ «Բայց որպեսզի միջազգային հանրության մոտ համոզմունք չձևավորի, որ գազամատակարարում չկա, փականը, որ դրել են ադրբեջանցիները, շատ փոքր բաց են թողնում։ Դա հնարավոր չէ օգտագործել և՛ կենցաղում, և՛ գազով աշխատող մեքենաների համար։

Այս պայմաններում կառավարությունը ևս ելք է գտել․ Արցախ մտնող չնչին գազը կուտակում է, որոշ ժամանակով տալիս է գազալցակայաններին, որոշ ժամանակով՝ բնակչության որոշ հատվածին։ Խնդիր ունենք էլեկտրամատակարարման հետ։ Սեփական միջոցները բավարար չեն, և փաստորեն, կորուստներն ավելի շատ են, քան վերականգնումը։ Դրա համար մեծանում են հովհարային անջատումների քանակները»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կոչին՝ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այն առանց գործուն քայլերի արդյունք չի տա․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր տալիս, նույն օրն Ալիևն ասուլիս տվեց, որի ժամանակ ի լուր աշխարհի ասաց, որ իր համար բոլոր կոչերը, հայտարարություններն առոչինչ են։ Եվ նույնիսկ երբ որ հեռախոսազանգեր են լինում միջանցքի փակման հետևանքով հումանիտար աղետի մասին, Ալիևն էթիկայի համար է դրանց պատասխանում։

Իհարկե, միջազգային հանրությունը շատ բան կարող է անել։ Միջազգային հանրության կոչերը կարող են վերածվել գործուն քայլերի, բայց, ցավոք սրտի, շահագրգիռ կողմը, որը պիտի հանդիսանար ՀՀ իշխանությունը, մասնավորապես, վարչապետը, որի ստորագրությունն է չեղարկվել Ադրբեջանի կողմից, խուսափում է հատկապես այն հարթակներից, որտեղ հնարավոր է հարցի քաղաքական լուծում ստանալ»։

«Եթե կոչ անող պետությունները պատրաստ լինեն գնալ ընդդեմ Ադրբեջանի, ապա հնարավոր է՝ արդյունք լինի։ Չնայած մենք փաստում ենք, որ 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ, երբ արգելված զինատեսակներ, ֆոսֆորային զենք էին օգտագործվում, միջազգային հանրությունն ընդհանրապես լուռ էր։ Ծայրահեղ դեպքում, եթե կոչ էր անում, ապա երկու կողմերին էին ուղղված։ Ի տարբերություն դրան՝ միջազգային հանրությունն ավելի ակտիվ է հիմա, կոչերը, հայտարարությունները մեծամասամբ ավելի հասցեական են։

Այս առումով փոփոխությունը դրական է գնահատվում, բայց քանի դեռ ՀՀ իշխանությունները, այսպես աշխատանքի իմիտացիա ստեղծելով, ոչինչ չեն անում կամ անում են հօգուտ Ադրբեջանի՝ երկարացնելով սեփական իշխանության կյանքը, կոնկրետ լուրջ բաների սպասելը միամտություն կլինի»,- եզրափակեց արցախցի պատգամավորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ