Արցախում հավանաբար կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

elektrakanutyun-elektrasyun-bardzravolt.jpg

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 01.02.2023թ. դրությամբ։

Գազամատակարարման և էլեկտրամատակարարման անկայունությունը բացասաբար է անդրադառնում դպրոցական երեխաների վրա

Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ստիպված կրճատվել է դասաժամի տևողությունը՝ դառնալով 35 րոպե, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:

Չնայած ջեռուցմանը, հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է մնում, այդ պատճառով երեխաները նստում են վերարկուներով։ Այս ամենի հետ մեկտեղ, պարենի սղության պատճառով երեխաները չեն կարողանում սնվել դպրոցական ճաշարաններում։

Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է. «Արցախէներգո»-ի տնօրեն

Ըստ Անդրանիկ Խաչատրյանի՝ հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում։

Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու։

Չի բացառվում, որ առաջիկայում ստիպված վերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից:
Հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Անջատվել են խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը՝ բեռի թեթևացման պատճառով:

Հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է:

Էլեկտրաէներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար:
Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:

Նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն: Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Սոցիալական ծրագրերը նախատեսում են ճգնաժամի պատճառով աշխատանքից ազատված և աշխատանք չունեցող անձանց աջակցություն։
Ռուբեն Վարդանյանը կանադական The Hill Times պարբերականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքները

Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

«Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», – ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները

Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարարը կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել հումանիտար օդային միջանցք ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:
Արցախի ՄԻՊ հարցազրույց է տվել “France Armenie” ամսագրին

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, Արցախում հումանիտար ճգնաժամին և միջազգային հանրության արձագանքին:

Օրվա վիճակագրական թարմացումներ
6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 192 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 560 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 20,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

--00—ԶՀ