Ամերիկահայերը պահանջում են ԱՄՆ Կոնգրեսից Ադրբեջանին ստիպել դադարեցնել ԼՂ շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 324News

․

ԱՄՆ-ում ցուցարաները Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են նաև դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»:

Հիշեցնենք՝ արդեն մեկուկես ամիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղը և նրա 120,000 բնակչությանը զրկել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանը հերքում է շրջափակման վերաբերյալ մեղադրանքը։

«Հայ դատի հանձնախմբի» արևելյան շրջանի ղեղավար Արա Չալյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանություններում շատերը չեն պատկերացնում իրավիճակը, և իրենք փորձում են բազմաթիվ հանդիպումների միջոցով խնդիրն օրակարգային դարձնել:

«Մեզ չի բավարարում վարչակազմի ներկայիս արձագանքը: Պետքարտուղարը խոսել է շրջափակման մասին և խնդրել այն դադարեցնել։ Դա բավական չէ։ Միացյալ Նահանգները կարող է հրամայել շրջափակումը դադարեցնել և նաև պատժամիջոցներ կիրառել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան: Նաև պետք է փորձել մարդասիրական օգնություն տրամադրել՝ օգտագործելով իրենց հասանելի ռեսուրսները և այլ լծակները»,- «Ամերիկայի ձայնին» ասել է նա:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնի խոսքով՝ ինքը թեև Լեռնային Ղարաբաղում չէ, բայց պատկերացնում է, թե ինչ դժվարին իրավիճակ է տիրում այնտեղ: Նա փորձում է «Հայ դատի» հանձնախմբի հետ անել հնարավորը՝ ստիպելու ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի բացեն Լաչինի միջանցքը: Հիշեցնելով պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգը Ադրբեջանի նախագահին, որով նա պահանջել էր վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, կոնգրեսականը նշեց. «Վարչակազմում պետքարտուղարության կողմից նաև այլ ջանքեր են գործադրվում՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա՝ դադարեցնելու շրջափակումը։ Բայց ես կարծում եմ, որ մինչ այժմ դա հաջող չի եղել: Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ»:

«Մենք Արցախի կողքին պետք է լինենք»,- ցույցի վերջում հայտարարեց Վաշինգտոնի «Հայ դատի հանձնախմբի» ղեկավար Արամ Համբարյանը:

--00--ԱՀ