Շրջափակման պատճառով Արցախի խանութներում մսի զգալի սղություն է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 324News

․

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 02.02.2023թ. դրությամբ։

Շրջափակմամբ պայմանավորված` կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։ Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով` կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշեց, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Փետրվարի 2-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին

Վեբինարն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:
Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի մասին է: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միջազգային դերակատարներին պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Պետնախարարի խոսքով՝ կարևոր է նաև բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար:

Օրվա վիճակագրական թարմացումներ
7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

--00--ԱՀ