Կիսաայրված դի՝ Հացավանում․ տղամարդու ձեռքին եղել են լուցկի և ծխախոտի մնացորդ, հարուցվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

դի

Փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ  Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965 թ․ ծնված, տվյալ տանը այդ պահին միայնակ ապրող Ա․ Գ․ի դին է:

Դիակի արտաքին զննությամբ ձախ ափի մեջ առկա է եղել թվով երկու տուփ լուցկի, ձախակողմյան ձեռքին հարակից առկա են եղել ծխախոտի մնացորդներ։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարևանությամբ գտնվող առանձնատների բնակիչներ, հանգուցյալի հարազատները։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի։

--00—ԼՄ