Սեպտեմբերյան մարտերից հետո հինգ ամիս անհետ կորած համարվող զինծառայողը հուղարկավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 324News

․

2022 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհված եւ հինգ ամիս անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանն այսօր՝ փետրվարի 3-ին, հուղարկավորվել է։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վահեն հուղարկավորվել է Արմավիրի մարզի հայրենի Լուսագյուղում՝ զինվորական կարգով։

Նրա մարմինը Ադրեբեջանը Հայաստանին էր փոխանցել հունվարի 27-ին, Ներքին Հանդի ուղղությունից։ Փետրվարի մեկին նրա ինքնությունը նույնականացվել էր։

Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ եւ բացատրել, որ Ներքին Հանդում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում երեք զինծառայող, այժմ նրանք երկուսն են։

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է:

--00--ԱՀ