«Սա Էրդողանի համար վերջին և վճռական քաղաքական ճակատամարտն է»․ Ռուբեն Մելքոնյանը հոդված է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հաշվի առնելով Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կարևորությունը և մեր հասարակության մի հատվածի հետաքրքրվածությունը՝ փորձում էի համառոտ դիտարկումներ անել, բայց ստացվեց ընդարձակ հոդված...

ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ.

ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎ

(թուրքագիտական համառոտ դիտարկումներ)

2023 թ. ենթադրաբար մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են միաժամանակ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Քաղաքական և փորձագիտական դաշտում մի շարք կարծիքներ են շրջանառվում կապված ընտրությունների ելքի, նշանակության և հետևանքների մասին: Սակայն ես հարցը ուզում եմ դիտարկել նաև քաղաքական սիմվոլիզմի տեսանկյունից և ներկայացնել իմ համեստ թուրքագիտական դիտարկումները:

- Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վերջին և վճռական քաղաքական ճակատամարտն է, որը հաղթելու համար նա պատրաստ է ցանկացած քայլի՝ պոպուլիզմի գերդոզավորման, վարչական ռեսուրսի կիառման, խախտումների, ճնշումների, սենտիմենտալ հուզականության դրսևորումների: Այս ընտրությունները լինելու են 1990-ականներից քաղաքականության մեջ մտած և 2002-ից մինչ օրս Թուրքիայում իշխող Էրդողանի քաղաքական գծի ու ոճի սիմվոլիկ և գործնական ամրագրումը: 1923 թ. հիմնադրված քեմալական Թուրքիայի Հանրապետությունը իր 100-ամյակին բոլոր շանսերն ունի վերածվելու էրդողանական Թուրքիայի Հանրապետության: Եվ եթե 1923-ին այն աշխարհիկ պետության մոդելն ու աշխարհիկության գաղափարախոսությունն էր ընտրել, ապա 2023-ին այն կրոնական/իսլամական տարրերով հարուստ և պահպանողականության գաղափարախոսությամբ պետության դասական օրինակ է:

- Էրդողանը ընտրություններին պատրաստվել է թե՛ քաղաքական, թե՛ մեթոդական և թե՛ ֆինանսական առումներով. ֆինանսա-տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիան բավական մեծ գումարներ է ստացել արաբական որոշ երկրներից և ներկայումս՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, դրանք ուղղվում են թոշակների բարձրացմանը, քաղաքացիների վարկային բեռի թեթևացման և նմանատիպ այլ «ֆինանսական պոպուլիզմի» դրսևորումների ապահովմանը:

- Տարիների ընթացքում Էրդողանը գերհմտացել է հռետորաբանության և պոպուլիզմի սինթեզում. նա այս պահին Թուրքիայի քաղաքական դաշտում, ըստ էության, չունի այնպիսի մրցակից, որը կարող է այդքան ինքնավստահ, հմուտ և դիպուկ կիրառել քաղաքական, կրոնական, փողոցային, գրական-գեղարվեստական խոսքն ու դրա տված հնարավորությունները: Չնայած տարիքին և առողջական վիճակին Էրդողանը շարունակում է մնալ այն գործիչը, ում խոսքում բնատուր «քաղաքական կրակ» կա ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնց մոտ այդ կրակը կամ չկա, կամ արհեստական է, կամ կիսահանգած:

- Էրդողանը հմտորեն է խաղում թուրքական հասարակության տարբեր հույզերի հետ, որոնց մեջ տեսանելին իհարկե կրոնականն է, սակայն այս ընտրություններում դրսևորվում է նաև սենտիմենտալ հուզականը, որի ամենացայտուն օրինակն է այն հայտարարությւոնը, թե Թուրքիայի նախագահը վերջին անգամ է խնդրանքով դիմում ժողովրդին իրեն ձայն տալ: Այս հայտարարությունը ուղեկցվել և կարելի է կանխատեսել, որ ուղեկցվելու է տարբեր գրական ստեղծագործություններից մեջբերումներով, քաղաքական տարբեր գործիչների կենսագրական որոշ դրվագների հիշատակումով, որոնք հասարակության մոտ առաջացնելու են անհրաժեշտ հուզականությունը, որն էլ իրենց հերթին վերածվելու է Էրդողանի օգտին քվեների:

- Ընտրություններ ինչո՞ւ մայիսի 14-ին. 1923-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում մինչև 1946 թ. գործել է միակուսակցական համակարգ և իշխող է եղել միակ կուսակցությունը՝ Հանրապետական-ժողովրդականը, որի հիմնադիրն ու նախագահը Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքն էր: Այս կուսակցությունը աշխարհիկության գաղափարախոսության կրողն էր և իր կառավարման տարիներին Թուրքիայում արգելվել ու հասարակական-քաղաքական կյանքից դուրս են մղվել իսլամական բազմաթիվ ատրիբուտներ, դոգմաներ, գաղափարներ և այլն: 1950 թ. մայիսի 14-ին տեղի ունեցած արդեն բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր և Թուրքիայում իսլամի վերելքի կիսաքողարկված ջատագով քաղաքական ուժը՝ Ժողովրդավարական կուսակցությունը: Այսինքն՝ 1950 թ. մայիսի 14-ին քաղաքական իսլամը առաջին անգամ հաղթել է աշխարհիկությանը կամ քեմալիզմին: Թուրքիայի վարչապետ է դարձել Ադնան Մենդերեսը, ում ներկայիս նախագահ Էրդողանը համարում է իր քաղաքական ուսուցիչներից մեկը: Մենդերեսը տխուր և ողբերգական ավարտ է ունենում. 1960 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա ձերբակալավում է և որոշ ժամանակ անց կախաղան բարձրացվում: Մենդերեսը համարվում է Թուրքիայի Հանրապետության «քաղաքական իսլամի մարտիրոսը», ինչպես նաև Աթաթյուրքի աշխարհիկ գաղափարախոսությանը առաջինը հաղթած քաղաքական գործիչը: Բացի այդ, նրա կերպարը պատված է միֆական և «անմեղ քաղաքական նահատակի» շղարշով, որը նրա մահից հետ և հատկապես ներկայիս Թուրքիայում հասարակական-քաղաքական ընկալումներում գերակայող է ու վերը նշված հուզականությունը գեներացնող կարևոր գործոններից մեկն է: Հիմա՝ 2023 թ., Մենդերեսի քաղաքական ժառանգ և հաջորդ Էրդողանը սիմվոլիկ մայիսի 14-ին ցանկանալով կազմակերպել ընտրությունները՝ նպատակ ունի ապահովել իսլամական քաղաքական գծի վերջնական հաղթանակը քեմալական, աշխարհիկ Թուրքիայի հանդեպ և Աթաթյուրքի Թուրքիայի փոխարեն ամրագրել Էրդողանի Թուրքիան: Իսկ ներկայանալով որպես սպանված վարչապետ Մենդերեսի քաղաքական ժառանգ՝ նա փորձելու է «անմեղ քաղաքական նահատակի» հանդեպ հասարակության դրական ընկալումները վերածել իր համար քվեների մոտավորապես հետևյալ կարգախոսի ներքո. «այն, ինչ չհասցրեց Մենդերեսը արել և անում է Էրդողանը»: Կոպիտ ասած՝ այս ընտրություններին Մենդերեսի կերպարը ևս աշխատելու է Էրդողանի օգտին:

- Ովքե՞ր են Էրդողանի մրցակիցները. Թուրքիայում այս պահին կա ձևավորված ընդդիմադիր ֆորմատ, որը բաղկացած է 6 ընդդիմադիր կուսակցություններից, որոնք փորձում են առաջադրել միասնական թեկնածու: Հիմնականը համարվում են քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսկացության անդամներ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը կուսակցության նախագահն է և ավելի երիտասարդ սերնդի գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Ստամբուլի քաղաքապետը իրոք հետաքրքիր քաղաքական կերպար է, լավ հռետոր, պոպուլիզմի գործիքակազմին տիրապետող, ստամբուլցիների շրջանում սիրված: Սակայն նրան, բնականաբար, պակասում է քաղաքական փորձառությունը մրցելու համար Թուրքիայի քաղաքական համակարգի գրոսմայստերի՝ Էրդողանի և նրա ձեռքում կուտակված վարչական ռեսուրսի դեմ: Իմամօղլուն, այնուամենայնիվ, կարող է իրական վտանգ կամ առնվազն ծայրահեղ լարվածություն առաջացնել իշխող թիմի համար ընտրություններում: Իմ կարծիքով, այս հարցը կարող է ունենալ երկու հանգուցալուծում. կամ Իմամօղլուն չի առաջադրվում և իր տեղը զիջում է կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուին և պատրաստվում հաջորդ ընտրություններին, կամ առաջադրվում է և անմիջապես բախվում քաղաքական կոնկրետ հետապնդման, որը կարող է լինել արդեն իսկ քրեական գործի շրջանակներում նրա ձերբակալումը և քաղաքականությամբ զբաղվելու արգելքի կիրառումը: Իսկ ընդդիմադիր մյուս հավանական նախագահի թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն մի շարք հարթություններում զիջում է Էրդողանին և նրա համար ավելի հեշտ հակառակորդ է, բայց, չնայած դրան, կարող է հավաքել ընդդիմադիր և հատկապես քեմալական կայուն ընտրազանգվածի ձայները, որոնք կրիտիկական նշաձողին չեն հասնելու:

- Քաղաքական և քաղաքագիտական հարթություններում քննարկվում են այս ընտրություններում Արևմուտքի աջակցության հարցը և մասնավորապես՝ այն, որ արևմտյան պետությունների համար անկառավարելի Էրդողանի փոխարեն նախընտրելի է ընդդիմադիր որևէ թեկնածու: Այստեղ կա երկու կարևոր հանգամանք, որոնք չի կարելի անտեսել. նախ՝ այսօրվա Թուրքիան էականորեն տարբերվում է 20-րդ դարի Թուրքիայից, որտեղ Արևմուտքի ազդեցութունը և ցանկությունը կարող էին որոշիչ լինել և երկրորդ՝ արևմտյան աջակցություն կոչված գործոնը արդեն շատ հնաոճ է հնչում այսօրվա Թուրքիայի պարագայում, որը շատ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում հասել է ինքնաբավության բավական լուրջ աստիճանի: Ուստի, թուրք ընդդիմադիր գործիչների այցերը արևմտյան երկրներ և դրանց խորհրդավորության քող հաղորդելը անցած ու ներկայումս գոյություն չունեցող քաղաքական իրավիճակի մասին ժամանակավրեպ նոստալգիայի դրսևորումներ են:

- Էրդողանը ոչ միայն ներկա քաղաքական հարցերում է առաջնորդվում և կարևորում սիմվոլները և սիմվոլիկ տարեթվերը, այլև այդպես է մոտենում, եթե կարելի է ասել, իր քաղաքական կտակին: Մասնավորապես՝ նա կարևորելով 2023 թվականը, որպես ներկա քաղաքական գործընթացների, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կարևոր ամփոփող թվական՝ իր հաջորդներին կտակում է կարևորել և աշխատել ևս երկու սիմվոլիկ տարեթվերի շուրջ՝ 2053 և 2071 թվականների: 2053-ը օսմանցիների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք և ուղղափառ քրիստոնեական աշխարհի կենտրոն Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակն է, իսկ 2071 թ. Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակն է, որը խորհրդանշում է այս տարածաշրջան թյուրքական տարրի ներխուժման և թյուրքական պետականության ձևավորման ամրագրումը: Սիմվոլիկ այդ թվականների մասին Էրդողանի բանաձևը հետևյալն է. «Մեր սերունդը կհասնի 2023 թ. հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053 թ., իսկ մեր թոռները՝ 2071 թ. հետ կապված նպատակներին»:

- Իսկ Հայաստա՞նը, հարցին պետք է պատասխանել շատ լակոնիկ՝ Թուրքիա պետության քաղաքականությունը Հայաստան պետության և հայության հանդեպ մշակված և հիմնված է թշնամական, բացասական ընկալումների վրա՝ դրանից բխող գործնական քայլերով ու քաղաքականությամբ: Ուստի, անկախ նրանից, թե ով է Թուրքիայի նախագահը և իշխող ուժը Հայաստանի հանդեպ որևէ լուրջ ու դրական բեկում ակնկալել հնարավոր չէ, մնացածը տգիտությամբ և ինքնախաբեությամբ պարուրված մտավարժանքներ են: Հայաստանի անկախացումից հետո ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահներն են եղել Թուրգութ Օզալը՝ 1989-1993 թթ, Սուլեյման Դեմիրելը՝ 1993-2000 թթ, Ահմեթ Նեջդեթ Սեզերը՝ 2000-2007 թթ., Աբդուլլահ Գյուլը՝ 2007-2014 թթ. և Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 2014-ից մինչ օրս: Այս ողջ ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունը չի նվազել, այլ ավելացել է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի պայքարը չի դադարել: Հայաստանի հանդեպ Թուրքիայի նախագահների մոտեցումների միակ տարբերությունը հռետորաբանության ագրեսիվության մակարդակի վայրիվերումներնն են, որոնք որևէ կապ իրականացվող քաղաքականության հետ չեն ունեցել և չունեն:

Հ. Գ. Լուսանկարը նույնպես սիմվոլիզմի գերխտացում է. պատկերված են Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը և գործող նախագահ Էրդողանը՝ իրար հետ նույն քվեատուփի առջև սիմվոլիկ 1950 և 2023 թվականների մայիսի 14-երին»:

--00—ԼՄ