«Վստրեչի Ապեր»-ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

download.jpg

Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին գրում է «Հետքը»։

Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը ներկայացուցիչներն էին դատարանի դահլիճում՝ փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը։

Դատական նիստից առաջ «Հետքի» թղթակիցը միջնորդություն ներկայացրեց՝ լուսանկարահանում իրականացնելու խնդրանքով։ Պատասխանողների ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար, ապա առարկեցին՝ նշելով, որ դեմ են թե լուսանկարահանմանը, թե ձայնագրմանը։ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ այս դատական գործը բազմաթիվ գաղտնի տեղեկություններ է պարունակում, այդ թվում՝ նաև անձնական բնույթի, որոնք ենթակա չեն որևէ կերպ հրապարակման։ Նա նշեց, որ այս հիմքով ավելի վաղ դատարանին միջնորդություն են ներկայացրել գործը դռնփակ քննելու խնդրանքով, ինչը մերժվել է։ 

Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով լուսանկարել միայն դատարանին և հայցվոր կողմին, իսկ ձայնագրում իրականացնելը օրենքով թույլատրելի է։ Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, ընդհատելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու նիստի ձայնագրման հարցի մասին, սակայն դատարանը չթույլատրեց։ Կիվիրյանը ցանկացավ դիրքորոշում հայտնել, դատարանը կրկին չթույլատրեց այդ հարցի վերաբերյալ քննարկումը շարունակել։ Մթնոլորտը լարված էր։ Լուսինե Սահակյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողություններին, ի պաստախան՝ դատարանը հայտնեց․ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանի գործողությունները առարկելու իրավունք չի վերապահում Ձեզ»։ 

Այնուհետև դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս միջնորդության համար հիմք է հանդիսացել փորձագետի համապատասխան եզրակացությունը վերահաշվարկ կատարելու վերաբերյալ։ Դատախազն ասաց, որ բացի բովանդակային փոփոխությունից, եղել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն այն առումով, որ այն գույքերը, որոնք ենթակա են բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության և դիտարկվել են Արամ Վարդանյանին պատկանող, այդ գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում իրավասու մարմինը շուկայական արժեքի բռնագանձման պահանջը ներկայացրել է Արամ Վարդանյանին։

  • Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։ 
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/5 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։
  • Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։
  • BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։
  • 104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
  • 130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։ 
  • 70 մլն դրամ՝ «Հանդիպում առաջին» ՍՊԸ-ի մասնակցության օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 12 մլն դրամ՝ Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 24 մլն 300 հազար դրամ Երևանի Հակոբյան փողոց 2/49 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 45 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/8 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 35 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 46 մլն 98 հազար 106 դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1 նրբանցք 5 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։ 
  • 21 մլն 600 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • 6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։
  • Կարեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 10 Բ շենքի 26 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 22 մլն 850 հազար դրամ։
  • Արամ Վարդանյանին պատկանող Արցախի պողոտայում գտնվող բնակելի տներից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 243 մլն 885 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 10/7 խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 44 մլն 555 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 14/20 հասարակական շինությունը՝ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 78 մլն 380 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Հրազդանի Վանատուր թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի 46 հողամասը, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 1 մլն 660 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 4 մլն 85 հազար դրամ։
  • Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 6-րդ նրբանցքի 23-րդ հողամասը։ Իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 9 մլն 910 հազար դրամ։
  • Toyota LC ավտոմոքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։ 
  • Ելենա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Արցախի փողոց 19/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 95 մլն 100 հազար դրամ։ 
  • Արցախի փողոց 19/15 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 169 մլն 605 հազար դրամ։ 
  • Mercedes-Benz S 320 մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 200 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Արցախի պողոտայում գտնվող ևս մեկ անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Range rover evoque 2.0 ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 775 հազար դրամ։ 

Դատախազը հայտնեց, որ հայցի փոփոխված միջնորդության մեջ որպես հիմք նշված բոլոր գույքերի ձեռքբերման պահի դրությամբ օրինական եկամուտները բացակայել են՝ բացառությամբ Range Rover տրանսպորտային միջոցի, որի պարագայում օրինական որոշ եկամուտներ առկա են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման փուլում գուցե պատասխանողների ներկայացուցիչների կողմից այնպիսի ապացույցներ ներկայացվեն, որոնք կարող են տարբերվող գնահատականի արժանանալ դատարանի կողմից, այս պահի դրությամբ՝ ամբողջ մեքենայի բռնագանձման պահանջն է ներկայացվել։

Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հարց ուղղեց դատախազին, թե ի՞նչ է նշանակում «անհնարինության դեպքում»։ «Դատարանը, իմ կարծիքով, պայմանով պահանջ չի քննարկում»,- ասաց նա։ 

«Անհնարինությունը սուբյեկտիվ կատեգորիա է և սպառիչ կերպով ես Ձեզ չեմ կարող թվարկել, թե «անհնարինություն» ասելով՝ օրենսդիրն ինչ է նկատի ունեցել։ Այս նախադասությունը ձևակերպվել է՝ հիմք ընդունելով օրենսդիրի պահանջը, այսինքն՝ եթե գույքը բնեղենով բռնագանձել հնարավոր չէ, բռնագանձվում է միջին շուկայական արժեքը»,- ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։ Դատախազի խոսքով՝ ինչ-որ փուլում Դատախազությունն է որոշելու՝ արդյոք որևէ հանգամանք կարելի է դիտարկել անհնարինություն, և այդ առումով Դատախազությունը կհրաժարվի պահանջից, բայց որպես հիմնական պահանջ՝ գույքը ենթակա է բռնագանձման բնեղենով։ 

Արամազդ Կիվիրյանի հաջորդ հարցը վերաբերում էր Range Rover Evoque 2.0 ավտոմեքենային։ Նրա խոսքով՝ Դատախազության սկզբնական հայցադիմումում պահանջվում էր բռնագանձել մեքենայի արժեքի 61․63 %-ը, քանի որ օրինական եկամուտներ առկա են եղել։ «Այդ դեպքում՝ փոփոխված հայցադիմումում ինչու՞ է ամբողջ մեքենայի բռնագանձման պահանջ դրվել,- հարցրեց Կիվիրյանը,- այսինքն՝ Դուք ընդունում եք, որ օրինական եկամուտներով է ձեռք բերվել այդ ավտոմեքենայի մի մասը, բայց պահանջ եք ներկայացնում ամբողջական բռնագանձման։

Դատախազի խոսքով՝ հայցի փաստական հիմքում որևէ փոփոխություն չի եղել ավտոմեքենայի ձեռքբերման աքռնչությամբ։ «Բայց չբացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, որ գուցե ապացուցման բեռը բաշխելուց հետո պատասխանողների ներկայացուցիչների կողմից այնպիսի ապացույց ներկայացվի, որը գույքի ապօրինի և օրինական մասերի տոկոսային հարաբերակցությունը փոխի, այդ պատճառով այս պահի դրությամբ գույքի ամբողջական բռնագանձման պահանջ է ներկայացվում, և հետագայում Դատախազությունը կհրաժարվի այն մասից, որն օրինական է»,- ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։

Կիվիրյանը հարցրեց դատախազին, թե արդյոք չի փոխվել հայցապահանջի էությունը։ Դատախազը պատասխանեց, որ եթե նկատի ունի հայցապահանջի ձևակերպումը, ապա՝ նախկինում ձևակերպված է եղել «ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը», այժմ՝ «հօգուտ ՀՀ-ի բռնագանձել»։

Կիվիրյանն ասաց, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը տարբերվում է բռնագանձման պահանջից։

Ի պատասխան՝ դատախազն ասաց․ «Սահմանադրությամբ Դատախազության լիազորությունների մեջ ամրագրված է պետական շահի պաշտպանության հայց ներկայացնելը։ Իսկ պետական շահի պաշտպանության հայց ներկայացնելը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելն է։ Այսինքն՝ սկզբնական հայցադիմումում էլ է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ, փոփոխված տարբերակում էլ»։

Դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին։ Փոփոխված հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար դատարանը պատասխանողների ներկայացուցիչներին ժամանակ տվեց մինչև փետրվարի 27-ը։

Այնուհետև քննվեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունն այն մասին, որ դատարանը հարգելի ճանաչի Դատախազության սկզբնական հայցի պատասխանի ներկայացման ժամկետի խախտումը։ Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ Դատախազությունից չեն ստացել հայցադիմումին կից փաստաթղթերը։ Նա դատախազության ուղարկած ծրարը ցուցադրեց՝ նշելով, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէր այդ ծրարում 12 հատոր փաստաթղթեր և 30-ի հասնող ձայնագրման սկավառակներ տեղավորել։ Կիվիրյանը նշեց, որ 200 հազար դրամ պետական տուրք են մուծել այդ փաստաթղթերը ստանալու համար, և դա է եղել հայցադիմումի պատասխանը ժամկետից ուշ ներկայացնելու պատճառը։ Նրա կարծիքով՝ ժամկետը պետք է գործեր այն պահից սկսած, երբ ստացել են փաստաթղթերը։ 

Դատախազը հայտնեց, որ այդ ծրարում եղել են հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ սկանավորված տարբերակով, լազերային սկավառակներով, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով։ Պատասխանողների ներկայացուցիչները դատախազից ապացույց պահանջեցին, որ կից փաստաթղթերն ուղարկել են։ Դատախազը պնդեց, որ բոլոր նյութերը լազերային սկավառակներով փոխանցվել են, իսկ թե լազերային սկավառակն ինչ ճակատագրի է արժանացել, այդ հարցի հասցեատերը դատախազությունը չէ։

Դատարանը մերժեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը՝ հարգելի չճանաչելով ժամկետի խախտման համար ներկայացված ապացույցները։ Միաժամանակ դատարանը նշեց, որ պատասխանողների փաստաբանների ներկայացրած՝ հայցադիմումի պատասխանը կքննարկվի որպես դիրքորոշում։ 

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը՝ 10։00-ին։

--00—ԶՀ