Գյումրեցի մի քանի տղամարդ կողոպտել է զբոսաշրջիկներին, տարել՝ գումար. մեկը ավագանու անդամ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

կողոպուտ

Փետրվարի 3-ին՝ ժամը 06:45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 03:00-ի սահմաններում ընկերուհու հետ գտնվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք, որոնք 3-ն են եղել, սկսել են խուզարկել իրենց:

Տղամարդու հայտնածով՝ իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերն ու հեռախոսը։

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին նաև տեղեկացրել է՝ նշված անձինք վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը, իր դրամապանակից վերցնելով 910 եվրո, հեռացել են:

Այդ ժամանակ նկատելով պարեկային ծառայության մեքենան՝ քաղաքացին մոտեցել և պարեկներին հայտնել է կատարվածի մասին:

Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և «Նիվա»-ով հանդերձ Ախուրյանի բաժին են տարել չորս տղամարդու:

Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 հազար դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Գյումրեցի տղամարդիկ, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, մյուսները՝ նրա շրջապատից: Աղասի Մաթևոսյանը, ըստ լուրերի, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է։

--00—ՍՊ