Պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

photo-5.jpg

Խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը:

Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաեւ երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին:

Հանդիպում է եղել նաեւ Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է այն ծանրակշիռ դերակատարումը, որն ունի համայնքը երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում, մարզի հասարակական-քաղաքական կյանքում:

Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30.000 հայորդի, որից 10.000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգեւատրվել է շքանշաններով եւ մեդալներով: Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը:

Հայկական պատվիրակությունը միջոցառումներին ներկայացուցչական կազմով է եղել. մասնակցել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

--00—ԶՀ