Լավրովը գիտի, որ Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել․ իներցիայով պնդում է իր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Հայաստանը վերջին կես տարում Ռուսաստանի հետ իրեն պահում է երես առած երեխայի նման, ամեն ինչ իրեն թույլ է տալիս՝ խաբել, բանակցություններից «թռնել», փոխել բանակցողին, ամեն տեղ տարբեր բաներ խոստանալ, հետո զարմանում՝ թե ինչու՞ մեզ տենց պատասխանեցին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ, սխալ է Հայաստանի կողմից հայտնվել Արևմուտք - ՌԴ շահերի բախման կետում, քանի որ հիմա տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանը ուզում է գնալ Արևմտյան միջնորդության ճանապարհով, ակնկալել, թե պետք է սիրով ասեն՝ գնացեք, բանակցեք, երբ ասեք, մեր զորքերը կհանենք, ծիծաղելի է: Բնական է, որ ՌԴ-ն հակաքայլեր է անելու, եթե անգամ ոչինչ չանի, բաց Ադրբեջանին ասի՝ ես դիտորդ կլինեմ, ինչ ուզում եք արեք, դա մեզ համար ողբերգություն կլինի, իսկ մենք դա չենք կասեցնում, ձեռքներս ծալած սպասում ենք ու ողբերգության համար դռներ ենք բացում»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ նախկինում Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները և Ռուսաստանի կողմից առաջարկ է եղել՝ վերադարձնել նշված շրջանները, բայց ՀՀ-ի նախկին ղեկավարները, թեև հավակնություններ չեն ունեցել, բայց չեն վերադարձրել,Հովհաննիսյանը նկատեց. «Լավրովը լավ գիտի, որ 2011-ին Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր թուղթ ստորագրել, բայց Ադրբեջանը խուսափեց և 10 նոր պահանջներ ներկայացրեց: Լավրովը իներցիայով պնդում է իր պլանը, չի կարող ասել՝ վատ բան էի առաջարկում, դրա համար կողմերը չհամաձայնվեցին, նա նախկինների հետ կռիվ չունի, արդարացնում էր իր չստացված պլանը: Բոլոր ուղղություներով Լավրովի դիվանագիտությունը տապալվել է՝ Արցախյան հարցով, ռուս -վրացական, ուկրաինական պատերազմները, Սիրիայում նույնպես, նա հասկանում է, որ իր պաշտոնավարման փուլը ավարտվում է և փորձում է դարակազմիկ ձևակերպումներ տալ, այլ հարց է, թե ՌԴ-ն ինչու հիմա սկսեց կոշտ խոսել ՀՀ-ի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ