Ինչպե՞ս վստահել մերօրյա որոշ պատմագետներին, եթե վերջին 40-50 տարվա բոլորիս ապրածը խեղաթյուրել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Karen_Chshmarityan_255872202

Խորագետ համարվելու հավակնություններ չունենալով հանդերձ, անհնար է չնկատել, որ արդի «խորագետներ»-ից շատերը թացը չորի հետ խառնելուց ստացված վերլուծական խոտանով, նպատակադրված, թե՝ ոչ, բայց գաղափարապես վնասում են «…ինքնուրույն գործողությունների դիմելու պատրաստ գործիչներին…» և ուժերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Բնական է, որոշները՝ մանիպուլացնելով ու գիտակցված, մյուսները՝ հավանաբար հուզված ու հուսահատված։

Իրականում՝ բոլորով միասին դաշտն ամայացնում են, և արժեզրկում են բոլորին և ամեն ինչ։

Նման մոտեցման հիմնարար սկզբունքները.

- միայն մենք գիտենք, թե ինչ է եղել, երբ և ինչպես, և ովքեր են մեղավորները,

- միայն մենք գիտենք, թե որն է ազգայինն ու ապազգայինը, պետականն ու պետականակործանը, ազնիվն ու անազնիվը, խելացին ու անխելքը, ինքնուրույնն ու ծառան, ճիշտն ու սխալը,

- բոլորը մեղավոր են, իսկ մենք՝ ոչ, որովհետև մենք ժամանակին ասել ու գրել ենք, իսկ մեզ չեն լսել…

և այսպես շարունակ։

Իրականում պահանջվում է կատարել միայն մեկ պարզ վարժություն՝ 30-ը բաժանել երեքի, կամ 30-ը բազմապատկել 2/3-ով, փնտրել ու գտնել իրողությունները, և իրատես ու օբյեկտիվ մոտեցմամբ՝ եզրահանգումներ անել, որը ոչ մի կերպ չեն կարողանում, կամ չեն ցանկանում անել: Այս պարզագույն վարժությունը չկատարելու պատճառն էլ հավանաբար սուբյեկտիվ է՝ տեղեկությունների պակաս, կամ մեթոդական անտեսում։

Նաև՝ ներքուստ չեն համարում, որ 30 տարուց առաջ նույնպես Հայաստան, Արցախ, Սփյուռք ու հայեր են եղել` իրենց բոլոր առավելություններով ու թերություններով, խնդիրներով և ավանդույթներով։

Ավելի հակիրճ.

նման մոտեցմամբ ազգային շահերին ծառայող, «աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական խորագիտակ» մտածողությամբ գործիչների «նշանակումն» ու փնտրտուքը վերածվում է անհասանելի երազանքի։

Առաջնային հետևանքը՝ դաշտն ամայանում է, իսկ դրա հետևանքներին նույնիսկ չարժե անդրադառնալ։

Եզրահանգումը մեկն է.

Պատմական փաստագրության իմացությունը՝ քաղաքական բազմագործոն և օբյեկտիվ վերլուծության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

ՀԳ․Ասում են՝ «…հիմնվեք պատմագրության վրա, կամ «…վստահեք պատմագետներին»։ Ինչպե՞ս կարող ենք լիարժեք վստահել՝ դարեր, առավել ևս՝ հազարամյակներ առաջվա եղելությունների մասին մերօրյա որոշ պատմագետների հրապարակած նկարագրություններին, եթե միայն վերջին 40-50 տարվա բոլորիս աչքով տեսածն ու ապրածն են գլխիվայր շուռ տվել, խեղաթյուրել ու ձևախեղել»։

--00—ՅՄ