ԼՂ-ում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա․ անվերապահ աջակցում ենք եվրոպական միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

834274176.jpg

Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին, գրում է Tert.am-ը։

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա: Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։

Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, և մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և  սահմանների պահպանման նպատակով։

Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և այս իրավիճակը կարգավորվի, լարվածությունը թուլանա», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը`Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։
--00—ԶՀ