Հայ դատի գրասենյակը դատապարտել է Բևեռլի Հիլզի ոստիկանների՝ հակահայկական թռուցիկների գործով որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

c0c3976d-cf4d-4a58-a651-a8cfb9120c20.jpg

Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ հակահայկական թռուցիկները, որոնք սպառնում են «ջնջել Հայաստանը քարտեզի վրայից», պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ, որը երաշխավորում է կրոնի, արտահայտվելու, հավաքների ազատությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականին:

«Բևեռլի Հիլզի ոստիկանության բաժանմունքը հետաքննություն է սկսել հակահայկական թռուցիկներ փակցնելու փաստով։ Թեև դրանք վիրավորական էին և չարամիտ, սակայն պարզվել է, որ թռուցիկները պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ», - մեջբերում է պարբերականը Բևեռլի Հիլզի ոստիկանության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունը, որում նաև նշվել է, որ ոստիկանությունը չի հանդուրժում որևէ մեկին ուղղված ատելության խոսքը:

Այսպիսով, ըստ պարբերականի, հետաքննությունն ավարտվել է: Ոստիկանությունը չի մանրամասնել՝ արդյոք հետաքննության արդյունքում հայտնաբերվել են հակահայկական թռուցիկներ տարածելու պատասխանատուները:

Ի դեպ, հաղորդագրությունն ավելի ուշ ջնջել են ոստիկանության Twitter-ի էջից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ էին փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Լուսասյուներին փակցվել էին թռուցիկներ, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:

ԱՄՆ Արևմտյան շրջանի հայ Դատի հանձնախմբի խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը քննադատել է Բևեռլի Հիլզի ոստիկանության նման որոշումը:

«Մարդկանց ռասայական կամ էթնիկ որևէ խմբի նկատմամբ բռնության և ցեղասպանության բացահայտ սպառնալիքները պաշտպանված չեն Առաջին փոփոխությամբ… Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքի որոշումը՝ դադարեցնել հայերի նկատմամբ այս դատապարտելի ատելության խոսքի հետաքննությունը, միևնույն ժամանակ թաքնվելով Առաջին փոփոխության հետևում, խորապես հիասթափեցնող է», - հայտնել է Նորա Հովսեփյանը:

Թռուցիկների տարածումը դատապարտվել էին Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեի, տեղական, նահանգային և դաշնային պաշտոնյաների, ինչպես նաև հրեական մի շարք կազմակերպությունների կողմից: 

«Ասպարեզ»-ը հիշեցնում է, որ Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը, ինչպես նաև քաղաքապետը և այլ պաշտոնյաներ բոլորովին այլ կերպ էին արձագանքել, երբ քաղաքում տարածվել էին Հոլոքոստը ժխտող թռուցիկներ: Տվյալ դեպքում հանցագործության հեղինակների նկատմամբ անմիջապես մեղադրանք էր առաջադրվել ատելության հիմքով հանցագործության փաստով։

--00—ԶՀ