«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ:

«1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը: Ցանկի կառուցվածքում քիչ փոփոխություններ են եղել: Որպես ցուցիչ՝ կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկատարել, մշակող արդյունաբերությունն աչքաթող անել և երկարաժամկետ, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր չստեղծել: Այս ամենը չկա, չի էլ ակնկալվում, որ մոտ ապագայում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Նրա խոսքով, հանքարդյունաբերությունից ստացված օգուտները պետք է անմիջապես դիվերսիֆիկացնել տնտեսության մեջ՝ զարգացնելով տնտեսության այլ ճյուղերը, որ հետագայում չշարունակենք հենվել ընդերքի վրա, ինչը, սակայն, չի իրականացվում: Անդրադառնալով կառավարության ծախսերին՝ Ն. Սարգսյանը նշեց. «Հայաստանի բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են: Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա. ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել: Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»:

Նա շեշտեց, որ փոփոխություն չկա նաև պետական գնումների ոլորտում, ավելին, Ն. Սարգսյանի դիտարկմամբ, այսօրվա պաշտոնյաներն անգամ օրենքի խախտում չեն համարում, երբ պետական գնման մրցույթն այս կամ այն պաշտոնյայի եղբայրն է շահում. «Հիմա պարզապես հանրային ընկալման խնդիր կա: Եթե նախկինում նման մոտեցումները քննադատվում էին, հիմա շատ դեպքերում մարդիկ ասում են՝ «եթե նախկիններն անում էին, իրենք էլ թող անեն»: Նաիրի Սարգսյանի խոսքով, այսօր արդեն խնդիրը զուտ սխալ քաղաքականությունը չէ նույնիսկ: «2020 թվականից հետո նման ծախսային քաղաքականությունը ոչ թե սխալ, այլ հանցագործություն է, որովհետև 2020 թվականից հետո մենք պետք է 180 աստիճանով այլ բյուջե, այլ առաջնահերթություններ ունենայինք: Եթե մինչև 2020 թվականն ունեինք անվտանգության այլ խնդիրներ, ապա 2020-ից հետո խնդիրները շատ ավելի վտանգավոր են դարձել. մենք գործ ունենք նաև կենսական նշանակության հասնող խնդիրների հետ, որոնք անմիջական վտանգ են ՀՀ բնակչության ֆիզիկական գոյությանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը: Այս տեսանկյունից բնակչությանը սննդով ապահովելու շատ ավելի խոցելի ու վտանգավոր իրավիճակ կա:

Նաև վտանգավոր է դարձել ՀՀ-ում ներդրումների իրականացումը, բիզնես միջավայրի գրավչությունը: Կառավարությունը 2020-ից հետո առաջնային կերպով պետք է պաշտպանական ծախսերը կատարեր, ընդ որում՝ որակյալ կատարեր: Բայց «ծախսերը պատշաճ կատարելու տակ» այս իշխանությունը ՊՆ շենքային պայմանների բարելավում է հասկանում: Օրինակ՝ ՊՆ շենքի վերելակը ավելի նոր վերելակով փոխարինելը սահմանի կահավորանքի, սահմանային ամրացման աշխատանքների հետ նույն հարթության մեջ են դիտարկում: Միայն բյուջեն ավելացնելը դեռևս չի նշանակում առաջնահերթություն ապահովել:Այդ գումարները պետք է ուղղված լինեին զենքին, զինտեխնիկային, սահմանային կահավորմանը, ամրացումներին: Վերջերս ականատես եղանք ևս մեկ աղետի՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհին, որը ևս փնթիության, չկազմակերպվածության հետևանք էր»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ եթե պաշտպանական ոլորտում վերոնշյալ քայլերը չեն իրականացվում, մնացած ոլորտներում հատվածական քայլեր իրականացնել հնարավոր չէ. «Առաջին հերթին պետք է պաշտպանենք մարդու ֆիզիկական գոյությունը, այնուհետև բյուջետային ծախսերը պետք է ուղղվեն մարդկանց սննդով ապահովելուն, այնուհետև կրթությանը, մշակույթին և այլն: Ցանկը շատ է, բայց ըստ առաջնահերթությունների պետք է դիտարկել: Պետությունը պետք է գումար գեներացնի, որ կարողանա այդ ծախսերը կատարել: Երբ ծախսերը չեն կատարվում, ու դրանք ուղղակի ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա, հետևաբար գումարներ գեներացնել ևս հնարավոր չի լինի: Այս ամենի արդյունքում հետագայում շատ ավելի դժվարությամբ կամ, միգուցե, ընդհանրապես չկարողանանք առաջնահերթ ծախսերը կատարել: Հենց այս պատճառով եմ շեշտում, որ եթե մինչև 2020-ը բյուջետային քաղաքականությունը կարելի է սխալ համարել, ապա այժմ միայն կարող ենք ասել, որ բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով տնտեսական ընդհանուր միտումներին, ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց՝ գնաճը նվազում է և անգամ կարող է հասնել նպատակային 4 տոկոս ցուցանիշին, Ն. Սարգսյանը նկատեց. «Մեծ հաշվով, դրական սպասելիքներ վաղուց չի կարելի ունենալ: ԿԲ-ն գների կայունության ապահովման մի քանի գործիք ունի: Առաջինը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ գնաճը փորձում են զսպել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են՝ այսպիսով փորձելով ազդեցություն ունենալ: Մինչդեռ աշխարհում որևէ տնտեսագետ չի կարողացել հիմնավորել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր է գների կայունություն ապահովել: Մեր ԿԲ-ն հայտարարում է, որ գնաճը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ, բայց զուգահեռ կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բիզնեսի համար: Այսինքն, փողը թանկացնում է և, հետևաբար, ոչ թե զսպում է գնաճը, այլ նպաստում է գնաճին: Այսքանից հետո չի կարելի լուրջ վերաբերվել այն հայտարարությանը, թե գնաճի թիրախային 4 տոկոսին կհասնենք: Միևնույն ժամանակ, չենք կարող կանխատեսում իրականացնել: ԿԲ-ի համար շատ հեշտ է կանխատեսումներ անել, հունիսի 30-ի ասուլիսին էլ կարող են հայտարարել, որ նպատակային ցուցանիշին հասնել հնարավոր չէ: Մեծ հաշվով, երբ կառավարությունն ու ԿԲ-ն իրենց տեղերում չեն, գների կայունության ապահովման առումով հույս չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գների վրա ազդող հաջորդ գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք անորոշ են, և պարզ չէ, թե ինչ կլինի: «Ընդհանուր առմամբ, այս պահին տնտեսությունը շարունակում է իներցիայով շարժվել: Պատկերավոր ասած՝ այժմ սարից գլորվում ենք ցած: Մենք չունենք արգելակներ, անվտանգային բարձիկներ և շարունակում ենք գլորվել: Ռուս - ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ որոշակի ներհոսք, արտահոսք ենք ունենում, ինչի արդյունքում երկնիշ տնտեսական ակտիվություն է արձանագրվում, բայց սոցիալական հետևանքը շատ ավելի բացասական է լինում, քան երբ այդ ցուցանիշը երկնիշ չլիներ: Օրինակ՝ կարող ենք հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, խաղային ոլորտներում աճ ունենալ, որոնք գնաճի են հանգեցնում և որից տուժում է հենց ՀՀ քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել: Իսկ եկամտի չավելացման պայմաններում ավելի թանկ գնումներ կատարելը, ի վերջո, հանգեցնում է սպառման կրճատման, հետևաբար աղքատությունը խորանում է»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:
 

Առավել մանրամասն՝ այսօրվա թերթի համարում

--00—ՍՊ