Խնդիրները գնալով ավելանում են, պետք է օր առաջ կանգնեցնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

թագուհի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«272 գրություններ միջազգային գործընկերներիս, Արցախի շրջափակման 60-րդ օր, իր հիմնարար իրավունքներից զրկված, բայց և անկոտրուն 120 000 հայ և քաղաքակիրթ հանրության թողտվությամբ օրեցօր ագրեսիվ դարձող թշնամի Ադրբեջան…

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր՝ 272 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, ահազանգել Արցախում հումանիտար աղետի ծանրագույն պայմանների մասին, կոչ արել Ադրբեջանի դեմ կիրառել գործուն քայլեր, այդ թվում՝ սանկցիաներ:

Արդեն 2 ամիս է՝

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ):

Արցախը զրկված է սննդամթերքի, մանկական կերերի ու կաթնախառնուրդների, դեղորայքի անհրաժեշտ մատակարարումից:

Ցուրտ ձմռան պայմաններում չկա գազ, բավարար էլեկտրաէներգիա և դիզվառելիք:

Կաթվածահար է բժշկությունը. 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից: 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման, 7 չափահաս բուժառու` վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Երեխաներն ու երիտասարդները զրկված են կրթության իրավունքից. փակվել են մի շարք ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ:

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը:

Բաժանված են հարյուրավոր ընտանիքներ. 300-ից ավելի երեխաներ զրկված են իրենց ծնողների հետ անմիջական կապից:

Երևանի դիահերձարաններում ավելի քան մեկ տասնյակ մարմիններ կան, որոնք շրջափակման պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ:

Խնդիրները գնալով միայն ավելանում են, անհրաժեշտ է օր առաջ կանգնեցնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»։ 

 

--00—ՍՊ