Կայացավ ՀԵՀԵՄ IV Ատենապետաց ժողովը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

հաեհ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը:

Սույն թվականի փետրվարի 10-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ IV Ատենապետաց առցանց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և արտերկրի 38 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից 50-ից ավելի ՀԵՀԵՄ երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական տեղական պատասխանատուներ։

Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

հեհեմ

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։

«ՀԵՀԵՄ–ն իր առաքելությամբ, մասնավորապես՝ այս օրերին, երբ Մայր Հայաստանն ու Արցախը, ներառյալ՝ Սփյուռքը, մարտահրավերների առջև են կանգնած, պարտավոր է տասնապատկել իր կազմակերպչական աշխատանքներն ու նվիրումը՝ ի սեր երիտասարդության, մեր հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու անսասանության»,– իր խոսքում ընդգծեց Սրբազանը։

Ատենապետաց ժողովի օրակարգային հարցերից էր 2023 թ. հուլիս 5-10–ը նախատեսված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը։ Ուխտագնացությունը համահայկական երիտասարդական ներկայացուցիչների աղոթքի համախմբում է, հոգևոր և կրթական ծրագրերի իրագործման հարթակ, ինչպես նաև՝ երիտասարդական ժամանց և այլ ծրագրեր իրականացնելու միջոց։

Օրակարգային մյուս հարցերից էին այս տարի կայանալիք ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները, ինչպես նաև՝ ՀԵՀԵՄ միջթեմական ծրագրերի ստեղծումը, որը ենթադրում է Սփյուռքի և Հայաստանի թեմերի գործակցության միջոցով քույր թեմերի գաղափարի կյանքի կոչում։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնոր Թովմա վրդ. Խաչատրյանը ժողովականներին ամփոփ կերպով ներկայացրեց Գրասենյակի կողմից 2023 թվականին նախատեսվող ծրագրերը՝ կրթական նոր բաղադրիչների ներառմամբ, թեմական և տարածաշրջանային այցերը՝ առաջարկվող նոր ձևաչափերով և աշխարհագրությամբ։

Ատենապետաց ժողովն անցավ աշխույժ  մթնոլորտում։ Ժողովականներն իրենց հարցերն ուղղեցին Հովնան Սրբազանին և Հայր Թովմային, հանդես եկան հետաքրքիր առաջարկներով, որոնք կներառվեն ուխտագնացության օրակարգում։

Ատենապետաց ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները:  Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է  մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ  Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն:

 

--00—ՍՊ