«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու մշտադիտարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 12, 24News

4-9

2018թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ ֆինանսավորմամբ «Բիո Գամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մշտադիտարկում: Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Կենդանիների  դիտարկումներն իրականացվել են արգելոցում նախօրոք ընտրված 10 դիտակետերում և ևս երեքը՝  բուֆերային գոտիներում։ Ձմեռային դիտարկման արդյունքներով բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ: Տվյալները վերլուծվել են Doubserve ծրագրով:

Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 350 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): Եվս 3 փորձադաշտեր տեղակայվել են բուֆերային գոտում։

Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված  տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման  արդյունավետությունը: Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է աջակցությունը նմանատիպ ծրագրերի իրականացման համար, այդպիսով` նպաստելով բնության պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը: