«Ժամանակն է՝ ԱՄՆ-ն ոտքի ելնի ընդդեմ ցեղասպանության հերքման»․ կոնգրեսականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Բիլ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և Հանրապետական կուսակցության անդամ Գուս Բիլիրակիսը դիմել են Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ներկայացնելու հարցում միանալու խնդրանքով: Այդ մասին հայտնում է Asbarez-ը։

Երկկուսակցական փաստաթղթի նպատակն է այնպես անել, որ ԱՄՆ իշխանության քաղաքականությունը հետևի ստորև ներկայացված կետերին.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,

2. ԱՄՆ կառավարության կողմից հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,

3. Ժամանակակից աշխարհում այդպիսի դաժանությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցում կազմակերպելու, հարցի շուրջ հանրային իրազեկման կարևորության գիտակցում:

Բիլիրակիսը և Շիֆը կարծիք են հայտնել, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը բխում է ԱՄՆ-ի և երկրի ազգային անվտանգության շահերից: 

«Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կօգնի նոր էջ բացել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ոտքի ելնի հանուն ճշմարտության և ընդդեմ Ցեղասպանության հերքման»,-նշել են կոնգրեսականները:

Նրանց նախաձեռնությանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանը գործադրած ջանքերի համար իր երախտագիտությունն է հայտնել Շիֆին և Բիլիրակիսին: