Կառավարության օպտիմալացման ծրագրի հետ կապված ՀՅԴ-ն 3 մտահոգություն ունի. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 12, 24News

artur-khachatryan-hyd-634x445

Կառավարության օպտիմալացման ծրագրի հետ կապված ՀՅԴ-ն 3 մտահոգություն ունի՝ արդյունավետություն, նախարարությունների միավորում և պետական ապարատի աշխատողների կրճատումը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«Եթե նայենք կառավարության կայքը, նիստերի օրակարգերը կտեսնենք, որ ցանկացած փոքր փոփոխության ժամանակ համապարփակ, խորը հիմնավորում է ներկայացվում՝ ինչով է պայմանավորված այդ իրավական ակտի անհրաժեշտությունը: Սակայն այս դեպքում ունենք միայն մեկ նախադասություն՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար»,-նշեց նա:

Ըստ վերջինիս՝ կառավարման համակարգի արդյունավետությունը նոր տերմին չէ, այդ տերմինը նոր չի ստեղծվել, և որևէ տեղ երբևէ չի գրվել այն մասին, որ արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե դու ունես 17, թե 12 նախարարություն: «Այդ տեքստը, որ կարդում ես, առաջին տպավորությունն այն է, որ ավելի դժվար է 17 նախարարի հետ աշխատել, քան 12-ի, որ մեկ վարչապետը և երկու փոխվարչապետը գերադասում են աշխատել 12 նախարարի հետ, այլ ոչ թե 17: Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ եթե ցանկություն կա բարձրացնել արդյունավետությունը, պետք է հասկանալ՝ որքան է արդյունավետության աստիճանն այսօր, և թե  ձեռնարկվող քայլերի արդյունքում արդյունավետությունն ինչքան է բարձրանալու: «Որպեսզի կարողանանք ճիշտ բարձրացնել արդյունավետությունը, նախ պետք է դնել թիրախ և հասկանալ, թե ինչ գործառույթներ պետք է իրականացվեն, որ հասնենք թիրախին: Պետք է գործառույթները հստակեցվեն: Ասում են՝ «շարիկ գլորողներին» եք ազատում աշխատանքից:

Եթե հաստիքները կրճատվեն, միևնույն է՝ արդյունավետությունը չի բարձրանա. փող կխնայվի, բայց արդյունավետությունը չի բարձրանա»,- նշեց նա:

Նախկին նախարարի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ում են կրճատում: «Միգուցե ժամանակին ասել են՝ դիմում գրի, և իրենց կուսակցականին են բերել, բայց դա չի նշանակում, որ պետք է նորից լյուստրացիայի գնանք, ասենք՝ դուք հանրապետական եք եղել, պետք է ազատենք ձեզ աշխատանքից: Պետք է գիտական լուծում տալ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Խոսելով իրենց երկրորդ մտահոգության՝ նախարարների միավորման մասին՝ նա ասաց, որ չի տեսել հիմնավորում, թե ինչու պետք է Գյուղատնտեսության նախարարությունը միավորվի Էկոնոմիկայի նախարարության հետ: «Մենք ուզում ենք դա, թե ոչ, Հայաստանը ագրարային երկիր է, որպեսզի դադարի համարվել ագրարային, չպետք է գյուղատնտեսությունը «սպանել»: Այսօր մեր երկրի զգալի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, և մեր նպատակը պետք է լինի ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի ագրարային աջակցությունը:

Մենք ռուսական շուկայում մրցում ենք Ադրբեջանի ու Վրաստանի հետ, փոխանակ մտածենք՝ ինչով օգնենք գյուղատնտեսությունը զարկ տալ, միավորում ենք այլ նախարարության հետ»,- ասաց նա և հարց բարձրացրեց՝ ինչու գյուղատնտեսություն ու էկոնոմիկա և ոչ թե էկոնոմիկա ու ֆինանսներ կամ ոչ օրինակ՝ ԱԻՆ ու Ոստիկանություն:

«Ո՞րն է այն բազան, որը միավորման հիմք է հանդիսանում, դա չկա: Եթե ունենք 2-3 անարդյունավետ գերատեսչություն, միավորելով դրանց արդյունավետությունը չենք բարձրացնում»,- ասաց նա: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ պետական ծախսերի նվազեցումը խիստ վտանգավոր ,է և լրացուցիչ կրճատումն էլ ծանր հետևանքներ կարող է բերել:

Ինչ վերաբերում է 3-րդ մտահոգությանը՝ կրճատվող մարդկանց ճակատագրին, նա ասաց, որ նրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, և պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ նրանից՝ կողմ, թե դեմ է քվեարկել «Իմ քայլին» կամ թե չի մասնակցել ընտրություններին:

«Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, վերապատրաստման դասընթացներ ե՞ն անցկացնելու, թե՞ տոմս են առնելու, ասեն՝ վեր կաց, գնա Չուկտոկա, մեզ մի խանգարի»,- ասաց նա և ընդգծեց, որ այս երեք մտահոգությունն է ստիպում, որ քննադատաբար մոտենան կառավարության այս մոտեցումներին:

«ՀՅԴ-ն միայն չի քննադատում սակայն, մենք առաջարկներ ենք արել նաև, բայց այս երեք պատճառն է, որ այդ անորոշության շղարշին խիստ դեմ ենք: Շեշտը չպետք է գործիքի վրա դրվի, պետք է նպատակի վրա դնենք, նպատակը չենք տեսնում: Մի մարդ, որ պետք է գլխավորի սպորտը, երիտասարդությունը, մշակույթը, կրթությունը պետք է առնվազն Նապալոենին հավասար մեկը լինի»,- եզրափակեց նա: