Դիաերբեքիրում Աթեշյանն ու Էրդողանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Աթեշյան

Հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ու Կ․ Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Դիարբեքիրում։ Այդ մասին հայտնում են պոլսահայ «Մարմարան» և «Ժամանակ» լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը կրկին իր ցավակցություններն է հայտնել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ, ապա հետաքրքրվել, թե ինչպես պետք է ընթանա նոր պատրիարքի ընտրությունը։

Ըստ հրապարակումների՝ Արամ Աթեշյանը ասել է, որ իրենք կարիք ունեն ընտրության մնայուն կամ կայուն կանոնագրի, քանի որ մինչ այժմ կանոնագրերը եղել են մեկանգամյա օգտագործման համար։ «Մարմարան» մանրամասնում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է, որ հիմա նման կանոնագրության վավերացման ակնկալիք ունեն կառավարությունից, ինչին նախագահ Էրդողանը դրական արձագանք է տվել։

«Ժամանակը» գրում է, որ պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, Ստամբուլի կուսակալ Ալի Յորլիքայան եւ Ստամբուլի գլխավոր քաղաքապետ Մևյլութ Օյսալը։