Սիրիայում գիշերը երկրաշարժի հետցնցումներ են գրանցվել, նյութական մեծ վնաս է հասցվել նաև հայերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2023-02-14_13-35-43

Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո հայկական կենտրոններում ապաստանած հայերի մի մասն արդեն վերադարձել է իրենց բնակարանները, սակայն ավելի ապահով վայրերում են գիշերում։ Այս մասին 24News-ին ասաց Հալեպի «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գևորգյանը։

Գևորգյանն ասաց, որ ինքն էլ արդեն չի գիշերում ապաստանների վերածված տեղի հայկական կենտրոններում։ Ըստ նրա՝ թեթեւ հետցնցումներ եղել են Սիրայի ժամանակով մոտ 23։30-ին, 01։50-ին (Երևանի ժամանակով 00։30, 02։50)։

«Ռադիո երազ» կայանի տնօրենն ասաց, որ երկրաշարժի հետևանքով նյութական վնաս կրած հայերից մինչ այժմ դիմումներ են ստացվում, որոնց թիվն անցնում է 100-ը։ «Բնակարանների, տների, մեքենաների, այլ գույքերի վնասների մասին դիմումներ ենք ստանում։ Տների, բնակարանների, գույքերի ստուգման և համակարգման հանձնախումբ կա։ Կան նաև համապատասխան ենթահանձնախմբեր, որոնք այցելում են բնակարաններ՝ իրավիճակը տեղում գնահատելու համար։ Դեռ հստակ արդյունքներ չկան, 2 օր է՝ աշխատանքի մեջ են։ Շենքերի փլուզումից հետո քարեր են թափվել մեծ թվով հայորդիների մեքենաների վրա՝ մեծ նյութական վնաս պատճառելով»,- նշեց Ռուբեն Գևորգյանը։

Նրա տվյալներով՝ հայերի շրջանում զոհերի թիվը չի աճել։ Վերջին տվյալներով՝ հայ համայնքի շրջանում զոհերը երկուսն են՝ մայր և որդի, մյուս երկուսը շարունակում են մնալ հիվանդանոցում՝ հայր ու դուստր։ Չորսն էլ Հալեպի Ազիզիէ հայաբնակ թաղամասից են, նույն ընտանիքից։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ