Ինչի՞ է հասել Ադրբեջանը Արցախի բլոկադայի 65 օրերի ընթացքում․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

տաթևիկ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր լրանում է Արցախի բլոկադայի 65-րդ օրը: Արդեն 65 օր է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Իրավիճակը բարդ է, մեր 120 հազար հայրենակիցները Արցախում հարկադրված են գտնել շրջափակման մեջ և դրան զուգահեռ նրանք բախվում են էներգետիկ բլոկադայի հետ, երբ ձմռան ցրտին հոսանքի ու գազամատակարարման հարցում Ադրբեջանը անընդհատ խնդիրներ է ստեղծում: Ցավոք, 65 օր անց լուծումները դժվար տեսանելի են:

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ՝ ինչի՞ է հասել Ադրբեջանն այս ընթացքում՝

–Հանքի հետ կապված նրանց պահանջները չեն բավարարվել: Ավելին, դրան ավելացել են նոր պահանջներ, ինչպիսիք են Վարդանյանի հեռացումն ու անցակետը տեղադրումը: Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ լինելով՝ որևէ պահանջի բավարարումից հետո հետ քայլ չեն անելու, ավելին՝ անցնելու են մյուս պահանջներին: Նրանք շատ բարդ պրոցեսի մեջ են ներքաշվել: Վստահ եմ, որ նման դիմադրություն Ալիևը չէր ակնկալում:

–Ադրբեջանի ևս մեկ անգամ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ գլխավոր նպատակը Արցախի հայերից ազատվելն է: Նրանք ցույց են տալիս, որ իրենք ուզում են խաղաղություն ոչ թե հայերի հետ, այլ առանց հայերի:

–Արցախի հարցը կրկին հայտնվեց միջազգային քննարկումների դաշտում, ինչը ևս մեկ անգամ փաստեց այդ հարցը լուծված չէ: Ավելին, այն համապարփակ լուծման կարիք ունի, քանի որ ռազմական ճանապարհը դա լուծում չէ:

—Միջազգային իրավական դաշտում կարևոր գործընթացներ են սկսվել, որոնց հաջողելու դեպքում այն պետք է դառնա արտաքին քաղաքականության մաս: Այդ առումով կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի սպասվելիք որոշումը:

Փաստացի, Ադրբեջանը իր առջև դրած որևէ խնդիր չի լուծել, սակայն շատ բարդ կենսապայմաններ է ստեղծել Արցախի մեր հայրենակիցների համար՝ հույս ունենալով, որ նրանք կհեռանան: Բայց հեռացման ականատես չենք լինում, որքան էլ Ալիևը հայտարարում է, որ «ճանապարհը միակողմանի բաց է նրանց համար, ովքեր ուզում են գնալ...»:

Ադրբեջանի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն էլ Արցախի գլխավոր սպառնալիքը: Արցախում մեր հայրենակիցների այսօրվա դիմադրությունը երկարաժամկետ առումով պաշտպանում է Հայաստանը, ավելի ստույգ՝ Սյունիքը: Քանի որ Ադրբեջանը հստակ պլանավորել է Արցախի հարցը «փակելուց հետո», անցնել Սյունիքին: Արցախի 65 օրվա դիմադրությունը լուրջ խոչընդոտ դարձավ Ադրբեջանի ճանապարհին»։ 

 

--00—ՍՊ