Արցախի շրջափակման գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է․ Բեգլարյանը հարցազրույցը՝ «ՀԳԽ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «Համաշխարհային գործերի խորհրդին», որտեղ ներկայացրել է Արցախի շրջափակման հարցում միջազգային հանրության պարտավորությունները և թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը շրջափակմամբ։ Այդ մասին նա գրել է իր Ֆեյսբուքի էջում։

«Հրապարակվել է ամերիկյան «Համաշխարհային գործերի խորհրդին» տված հարցազրույցս Արցախի շրջափակման վերաբերյալ, որը հեռարձակվել է նաև նրանց ռադիոալիքով:

Հիմնական շեշտադրումներս հետևյալներն են՝

• Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման հետևանքով խախտվել և խախտվում են Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքներ՝ հարուցելով շարունակական զրկանքներ ու տառապանք:

• Ալիևյան բռնապետական ռեժիմի կողմից Արցախի շրջափակման գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է՝ հիմնված հայատյացության ու ցեղասպանական երկարաժամկետ քաղաքականության վրա: Դրա մասին հրապարակային խոսում է հենց Ադրբեջանի նախագահը՝ պահանջելով մեզ դուրս գալ մեր հայրենիքից:

• Մեզ համար խնդրահարույց է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը հակամարտում են ընդհանրապես և չեն համագործակցում Արցախին առնչվող հարցերում: Մենք կնախընտրեինք տեսնել միջազգային բավարար համագործակցություն ու աջակցություն մեր հակամարտության կարգավորման և, տվյալ դեպքում, ճանապարհի բացման շուրջ:

• Միջազգային հանրությունն ունի հստակ պարտավորություններ Արցախի բնիկ ժողովրդին պաշտպանելու և կանխելու հնարավոր էթնիկ զտումն ու ցեղասպանությունը»,-գրել է նա։

--00—ԼՄ