Վերացվել է Աչաջուրի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշումը

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

դատախազություն

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:

Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին, հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, 2017 թվականի մարտի 4-ին համայնքի ավագանու անդամներին մոլորության մեջ գցելով, հողատարածքները համայնքի բնակիչ Վ.Ս.-ին տրամադրելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելով, ստացել է ավագանու համաձայնությունը բարեկարգման կեղծ նպատակով՝ 25 տարի ժամկետով «Տավուշ» միջազգային հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը հանձնել 56,4336 հա համայնքին պատկանող ութ կտոր գյուղատնտեսական նշանակության հողերը:

Բացի այդ, Կ.Ղ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի՝ համայնքային սեփականության հողերի տրամադրման կարգը՝ առանց լիազոր մարմնի գրավոր հայտի և ավագանու համաձայնության՝ ևս ութ միավոր՝ ընդհանուր 5,78738 հա մակերեսով ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը կրկին 25 տարի ժամկետով անհատույց հանձնել է Հայրենակցական միությանը:

Այսպիսով, պետության և տեղական ինքնակառավարման մարմնի օրինական շահերին պատճառվել է էական վնաս. վերոնշյալ ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը տևական ժամանակ չեն օգտագործվել նպատակային նշանակությամբ և այդտեղ չեն կատարվել բարեկարգման կամ որևէ այլ աշխատանքներ:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճել՝ Կ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:  

2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելը) հարուցված և քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ երեք տարվա հաշվարկով՝ հողամասերի ընդհանուր վարձավճարի չափը կազմել է 439 հազար 350 դրամ: Նախաքննության ընթացքում Կ.Ղ.-ն փոխհատուցել է պատճառված վնասը և քրեական գործով վարույթը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2022 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:

Միաժամանակ, դատախազական հսկողության շրջանակում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի հանձնարարության հիման վրա՝ գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ներկայիս ղեկավար Ա.Ճ.-ին՝ միջոցներ ձեռնարկել Հայրենակցական միության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից հրաժարվելու հիմքով տրամադրված հողամասերի նկատմամբ նշված կազմակերպության իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել ՀՀ Տավուշի մարզի դատախազություն:

2023 թվականի փետրվարի 8-ին Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է Իջևան համայնքի ղեկավար Ա.Ճ.-ի գրությունը, որով հայտնվել է,  որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի և Հայրենակցական միության միջև կնքված Աչաջուր համայնքին պատկանող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը միակողմանի լուծվել են և ՀԿ-ի անվամբ Կադաստրի կոմիտեում գրանցված անհատույց օգտագործման իրավունքները դադարեցվել են:  

--00—ՍՊ