Սիրիայի երկրաշարժից հետո հայերի մի մասի տների վերանորոգումը Հայոց եկեղեցին է ապահովում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

syria

Սիրիայի երկրաշարժից հետո հայկական համայնքի որոշ մասը վերադարձել է իրենց տները, որոշ մասի տների վերանորոգման հարցն իր վրա է վերցրել հայոց եկեղեցին, բայց ժամանակ է հարկավոր։ Այս մասին 24News-ին ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյանը՝ անդրադառնալով առկա իրավիճակին։ 

Խոշաֆյանն ասաց, որ շատ խնդիրներ դեռ մնում են, դեղորայքի պակասի խնդիրը կա, դրսից գալիս է, բայց բավարար չէ. «Հիմա հանգիստ է, 48 ժամ հետցնցում չի եղել։ Բայց ավելի վաղ մոտ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում էր եղել, երկար չտեւեց։ Չենք կարողանում շատ բաներով ապահովել, ճանապարհները փակ են։ Ջեռուցման խնդիր կա, ոչ բոլորի համար ենք կարողանում ապահովել, մինչեւ ամառվա շրջանը գա։ Ամենաանհրաժեշտը դեղորայքն ու սնունդն է, որոնց մասով անգործություն կա»։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության հետ համագործակցությանը՝ Խոշաֆյանն ասաց, որ առաջին օրերին հանդիպումներ ունեցել են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, հյուպատոսի հետ, Հայաստանի համահայկական հիմնադրամից է գումար տրամադրվել հայ համայնքին օժանդակելու, կազմակերպչական աշխատանքների համար։ 

Բացի այդ, սիրիահայ գործիչն ասաց, որ Հայաստանի կառավարությունը գործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որի միջոցով հնարավոր է լինում արդյունավետ իրականացնել օժանդակության բաշխումն ամբողջ սիրիահայությանը։ 

Ավո Խոշաֆյանն ասաց նաև, որ Հալեպի Ազիզիէ թաղամասում երկրաշարժից տուժած հայրն ու դուստրը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն հոգեբանական ծանր վիճակում են, քանի որ երկրաշարժի առաջին օրը զոհվել էին ընտանիքի մայրն ու որդին։ 

«Ամեն հնարավորը փորձում ենք անել։ Պատերազմի մեջ եղած երկիր է, կայուն վիճակ չկա։ Նյութական ծանր վիճակ, գումարի փոխանցման խնդիր կա։ Գոնե դպրոցները պետք է կարողանանք վերաբացել։ Երեխաների հոգեկանը շատ խախտված է, շատ մեծ փոփոխություններ են պետք, հոգեբույժներ, հոգեբաններ պետք է գան։ Թեթեւ ցնցումներից սկսում են լացել, գոռալ։ Անկանոն, անկայուն վիճակ է»,- եզրափակեց Ավո Խոշաֆյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ