Քննարկվել են շենքերի անձնագրերի ձևերի, պահպանման և շահագործման կանոնների նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

.

ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի նիստերի դահլիճում կայացել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ կազմակերպած աշխատաժողով-քննարկումը, որի նպատակն է եղել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձեւերի նախագծերի, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման կանոնների նախագծերի մշակման աշխատանքների արդյունքները քննարկելն ու հստակեցնելը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրել է աշխատաժողովի օրակարգում ներառված՝ հասարակական և բազմաբնակարան շենքերի պահպանման, արդիականացման, այդ թվում՝ էներգախնայողության բարձրացման և դրանով պայմանավորված` ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի հուսալիության բարելավմանն առնչվող հարցերը: «Նշված հարցերը կարևորվում են անվտանգ, հուսալի քաղաքաշինական միջավայրի ձևավորման տեսանկյունից և պարունակում են ազգային անվտանգության բաղադրիչներ:

Երկար տարիներ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի և խոցելիության համակարգված հետազննություններ չեն իրականացվել, գործընթացը կրել է իրավիճակային բնույթ,- ասել է Ա. Ղուլարյանը։- Ինչպես հայտնի է, նշված խնդիրների կանոնակարգման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը էականորեն պայմանավորված է շենքերի (ներառյալ՝ ներշենքային ինժեներական համակարգերի) վերաբերյալ բավարար հավաստի և համակարգված տեղեկատվության առկայությամբ: Հարկ է նշել, որ ներկայում նման տեղեկատվության պակասը (բացակայությունը) սահմանափակում է համապատասխան վերլուծությունների իրականացման ու որոշումների կայացման հնարավորությունը, ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այնպես էլ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և հասարակական շենքերի սեփականատերերի մոտ առաջացնելով որոշակի խնդիրներ, մասնավորապես, կապված շենքերի արդյունավետ կառավարման հետ: Ստացված արդյունքները կիրառելի են լինելու ոչ միայն քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգման տեսանկյունից (քաղաքաշինական կադաստր, շենքերի անձնագրավորում, շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում, շենքերի հուսալիության բարելավման առաջնահերթությունների սահմանում և այլ), այլ նաև տնտեսության տարբեր ասպեկներում (արտակարգ իրավիճակների կառավարում, անշարժ գույքի շուկա, ֆինանսական ռեսուրսների օգտագործման թիրախային ուղղություններ և այլն)»:

Հաշվի առնելով թվարկված խնդիրների՝ օր առաջ կանոնակարգման անհրաժեշտությունը, Քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2018 թվականի փետրվարին դիմել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին որոշ աշխատանքների իրականացմանն աջակցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով:

Արդյունքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի շրջանակներում առաջնահերթ փուլով անդրադառնալ հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի մշակման և շենքերի տեղեկատվական համակարգի ներդրման համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանք կազմելուն, ինչպես նաև բազմաբնակարան շենքի պահպանման, հուսալիության բարելավման, էներգաարդյունավետության բարձրացման, շահագործման կանոնների մշակման աշխատանքներին:

Հայցված տեխնիկական աջակցության ուղղությունների համաձայն` 2018 թվականի նոյեմբերից ՄԱԶԾ-ի կողմից մրցութային կարգով ներգրավված կապալառուներն իրականացրել են այդ աշխատանքները:

Անձնագրերի օրինակելի ձևերի նախագծերը մշակվել են «Ուրբան» հիմնադրամի և «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության կոնսորցիումի, իսկ կանոնների նախագիծը՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին կատարված աշխատանքները, որից հետո ընթացավ արդյունավետ քննարկում»: