Փաշինյանը ճիշտ է ասում, Ղարաբաղի հարցը պետք է լուծի ղարաբաղցին. ՊՆ նախկին փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Արցախ
24News-ի զրուցակիցն է Պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Գագիկ Մելքոնյանը

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`օրեր առաջ արած հայտարարությունից ի՞նչ տպավորություն ունեք:

- Տպավորությունն այն է, որ այս ամենը գնում է փակուղի: Այսինքն, իրենք պահանջում են մի բան, մենք դրան չենք գնալու, մենք էլ հարցը դրել ենք այնպես, որ իրենք դրան չեն գնալու: Այստեղ խնդիրն ավելի է բարդանում:

- Նկատի ունեք, որ Արցախի բանակցային սեղան վերադառնալո՞ւն չեն համաձայնվելու իրենք, մենք էլ` տարածքների՞ վերադարձին:

- Այո:

- Արցախում անցկացվող Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ՀՀ վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը: «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- ասել է նա: Այսինքն, ամեն ինչ ավելի՞ է բարդանում:  

-Հարցը ձգձգվելու է: Լուծման գործընթացն ավելի է հեռանում, խոսքը վերջնական լուծման մասին է:

Նախ, մեր սխալն այն է, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից: Ռոբերտ Քոչարյանը համարեց, որ ինքը ղարաբաղցի է եւ իրավունք ունի բանակցելու Ղարաբաղի փոխարեն: Բայց դա սխալ էր: Այդ սխալը եղել է, հիմա, արդեն վարչապետն ասում է, որ ես իրավունք չունեմ Ղարաբաղի անունց հարց լուծեմ, ես Ղարաբաղի կողմից ընտրված չեմ: Նա ճիշտ է ասում, այդ հարցը պետք է լուծի ղարաբաղցին:

- Բայց համանախագահները դեմ են բանակցային ֆորմատի փոփոխությանը, ինչպես ակնհայտ երեւաց վերջին հայտարարությունից: Ադրբեջանն էլ միշտ է դեմ եղել:

- Դե եթե Ադրբեջանը սկզբնական շրջանում`1993-94-ին դեմ չի եղել, հիմա դեմ է, ուրեմն, համանախագահները պետք է այդ հարցին լուծում տան:

- Համանախագահները հստակ ասեցին`բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու:

- Չի լինելու, ուրեմն, պետք է պատրաստ լինենք պատերազմի:

- Ադրբեջանը լայնածավալ, հարձակողական զորավարժություններ է սկսել Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպումից առաջ: Դա պատերազմի վերսկսման նախազգուշացո՞ւմ է:

- Դե ինքը ամեն անգամ պիտի ցույց տա իր ուժը, իր զինատեսակներն ու տեխնիկան, բայց դա էլ հարցի լուծում չէ. մենք այն երկիրը չենք, որ ասենք, վա~յ վախեցանք, եկեք հարցը լուծենք: Չէ՞ որ մինչ այդ մենք կարողանում էինք բոլոր հարցերը լուծել: Հիմա էլ կարող ենք մեր հարցերը լուծել:

- Աստված մի արասցե, եթե լայնածավալ պատերազմ լինի, Ձեր կարծիքով Հայաստանը պատրա՞ստ է դրան, մենք ունե՞նք մարդկային, ռազմական, նյութական ներուժ:

- Իհարկե, ունեք: Եվ, անկախ ամեն ինչից, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Անցած դարի սկզբին մենք տանուլ տվեցինք: Հարյուր տարի անց մենք նորից տանուլ տալ չենք կարող: Սա միայն Արցախի հարց չէ, սա ողջ հայության հարցն է և խնդիրը:

- Նախկին իշխանության ներկայացուցիչներն այս օրերին խանդավառված խոսում են Փաշինյանի իշխանության հնարավոր տապալումների մասին. սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Այս ամենը նախկին իշխանությունների թողած ժառանգությունն է, որ տակից դուրս չենք գալիս, իրենք էլ վայրահաչում են: Ղարաբաղն իրենք թողեցին բանակցային գործընթացից դուրս, երբ Ադրբեջանը զինվում էր, իրենք միայն ամբիոններից խոսում էին`մե~նք գիտե՞ք ով ենք… Ո՞վ եք դուք. մի հատ ժամանակակից տեխնիկայի մասին չմտածեցին, սա է նախկին իշխանությունների արածը: Իրենք իրավունք չունեն քննադատելու, իրենք պետք է ինքնասպան լինեն:

- Դուք էլ եք իշխանության մաս եղել. Տարիներ շարունակ`մինչեւ 2008 թվականի հայտնի իրադարձությունները պաշտպանության փոխնախար եք եղել. ձեր մեղքը չկա՞:

- Ես իշխանություն չեմ եղել, ես եղել եմ պաշտպանության նախարարի տեղակալ: ՊՆ-ն իշխանություն չէ, ՊՆ-ն կատարում է իշխանությունների հրամանները: Ես նախագահ ե՞մ եղել, թե՞ վարչապետ, թե՞ նախարար…

- Ձեր կարծիքը փոխնախարար եղած ժամանակ բարձրաձայնե՞լ եք, ձեզ չե՞ն լսել:

- Ես հարյուր անգամ հարցազրույցներում ասել եմ`մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի`թե զինվելով, թե հոգեպես, թե ամեն ինչով:

- Հիմա ի՞նչ պետք է անենք:

- Նիկոլ Փաշինյանի շուրջ պետք է համախմբվի ողջ հայությունը`համայն աշխարհի եւ ով ինչ ձեւով կարող է, պետք է օգնի: Սա Նիկոլ Փաշինյանի կամ նրա իշխանության խնդիր չէ: Հայաստանի, հայ ժողովրդի լինել-չլինելու խնդիր է դրված: Մենք ազգովի պետք է համախմբվենք եւ պատրաստ լինենք ամեն ինչի: Եթե Ադրբեջանն այս կողմից հարձակվի, մենք էլ մյուս կողմից պետք է հարձակվենք եւ տարածքներ վերցնենք, մեր տակտիկան պիտի փոխենք:

- 2016-ի ապրիլյան պատերազմից հետ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր նախապատրաստվեց, բայց չստորագրվեց, Սերժ Սարգսյանը ստորագրումը թողեց ավելի հարմար ժամանակի: Հիմա այդ ժամանակը չէ՞:

- Մենք ուշացրել ենք, բայց հիմա էլ եթե արվի`կլինի: Դա միայն կօգնի: