Սևանի փողոցում «Տոյոտա»-ի ուղղությամբ կրակոցներ արձակած 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։ Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետև հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ, ապա մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նշանակվել էին փորձաքննություններ:

Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և Արարատի ու Արտաշատի բաժինների ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին կրակոցներ արձակած 32-ամյա երևանցուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու ատրճանակ, փամփուշտներ, դանակ և մարիխուանայի նմանվող զանգված։

Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ