ԱՄՆ-ի ներդրողներին չեն ուզում նեղացնել. Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի կլուծվի՞. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ամուլսար

«Իրատես» թերթը գրում է. «Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արևմուտքից եկող ներդրումները:

«Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարևորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը: Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջև,- գրում է աղբյուրն ու հավելում.- այս պահի դրությամբ ներդրողների համար որևէ այլ խնդիր այնքան կարևոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական և գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»:

«Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները հակված են հօգուտ «Լիդիանի» դրական ելքով լուծելու «Ամուլսարի» խնդիրը, քանզի ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին նեղացնել չեն ցանկանում:

Այժմ կառավարիչները սպասում են, որ հասարակական ընդվզումը մեղմվի, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հանքի շահագործման ու դրա օգտակարության մասին խոսելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: