Փաշինյանի շեշտադրումները ճիշտ էին և ունիվերսալ․ Աշոտյանը՝ Արցախում կայացած նիստի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով, որ այն վերջին 10 ամիսների ընթացքում ամենահամապարփակ ելույթն էր  Արցախի հարցի առնչությամբ։ 

«Արդյոք այդ ելույթը կատարյա՞լ էր, իհարկե ո՛չ, արդյոք բոլոր թեմանե՞րն էին արծարված, իհարկե ո՛չ, այդուհանդերձ խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության 10 ամիսների ընթացքում դեռևս նման ամփոփ ծրագրային ելույթ չէր ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված»,- նշել է նա։

Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մոտեցումը Աշոտյանը համարել է  ճիշտ ռազմավարական նպատակ, սակայն նշել է, որ այն չի ուղեկցվել մարտավարական ճիշտ աշխատանքով․ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության աշխարհաքաղաքական կարևորությունը, քաշը, և այս փուլում այդ մոտեցումը չգործեց։

Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանն այսօր փորձել է համադրել իր՝ որպես քաղաքական գործչի տված խոստումները և վարչապետական պատասխանատվությունը․

«Խոստովանենք, որ այս սինթեզը կարող է այս փուլում աշխատել՝ որպես նախերգանք Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման»,- ասել է Աշոտյանը։

Անդրադառնալով ելույթի երկրոդ մասին՝ Աշոտյանը նշել է, որ այն բավականին ընդունելի և ընկալելի էր, քանի որ Փաշինյանը «փաստացի առաջին անգամ անդրադարձավ նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի և էդվարդ Նալբանդյանի կողմից բանակցված հիմնարար սկզբունքներին, չհրաժարվեց դրանցից, որը, ըստ Աշոտյանի, շատ կարևոր մեխ է։

Փաշինյանի շեշտադրումները ճիշտ էին և ունիվերսալ, որովհետեւ կարեւոր է, որ այդ սկզբունքները շարունակվեն դետալիզացվել․ «Այսօր այդ շեշտադրումների եւ դետալների շուրջ բանակցելու քաղաքական որոշման մասին ազդարարեց Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Աշոտյանը։

Փաշինյանի կողմից այդ սկզբունքերի ընդունումը, ըստ նրա, նաեւ ապացույց է այն բանի, որ նախորդ իշխանությունը չի բանակցել հողեր հանձնելու շուրջ․ «Ուզում եմ հիշեցնել, որ իմ պատգամավոր եղած ժամանակ առիթ եմ ունեցել հարց ուղղելու Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հարցի հետ կապված, և ստացել եմ պատասխան, որին հակասում է այսօրվա Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ինձ ի պատասխան ասաց, որ ձեր իշխանությունը բանակցում էին բացառապես հող  հանձնելու մասին»,- ասաց նա։

Ելույթի երրորդ բաղադրիչը խաղաղության նախապատրաստման մասին, ըստ Աշոտյանի, ավելի շուտ որոշակի տուրք է քաղաքական բառապաշարային մոդային, քան իրականություն, որովհետև «այդպիսի գործողություններ հնարավոր են, եթե երեք կողմերը հասկանան, թե այդ խաղաղությունը ինչպիսին է լինելու, հնարավոր չէ հասարակություններին պատրաստել խաղաղության, եթե հասարակությունները չգիտեն խաղաղության վերջնական բանաձեւը ինչպիսին է լինելու»։

Այնուամենայնիվ, ըստ Աշոտյանի, Հայաստանի իշխանությունը պետք է պատրաստ լինի ռազմական սցենարի, այսպես կոչված՝ ապրիլ-2 սցենարին, նաև պետք է ավարտին հասցնի Արցախի հետ ռազմաքաղական դաշինքի մշակումը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս