Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի ԱԽ-ների նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Բաքու

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում արած հայտարարություններին։

Պաշտոնական հայտարարությունում ասված է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկրի Անվտանգության խորհրդի նիստը անցկացնում է «ադրբեջանական Խանքենդի գրավյալ քաղաքում, ապա կարիք չկա Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերին ներգրավել բանակցային գործընթացի մեջ» (Ադրբեջանական կողմը չի կիրառում Ստեփանակերտ անվանումը, փոխարենը նշում է Խանքենդի անվանումը)։ 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ նաև նշել է, որ Փաշինյանի կողմից «Ղարաբաղի հայություն» գաղափարի բարձրաձայնումը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը առանձին ժողովուրդ չեն, այլ այդ տարածքում ապրող հայ համայնք, և այդպիսով վերջ է գտնում տարածված բառախաղին։

Հայտարարությունում խոսվում է նաև բանակցությունների ձևւաչափի՝ մասնավորապես ԵԱՀԿ կոնսենսուսային որոշման մասին։ Ըստ Աբդուլաեւայի՝ ԵԱՀԿ կողմից Հելսինկիում 1992 թվականին կայացված որոշման համաձայն, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքներն էլ սահմանվել են որպես անմիջական շահագրգիռ կողմեր։ Բաքվի ներկայացուցիչը հերթական անգամ նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը քննարկման ենթակա չէ։