Կներդրվեն անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Untitled-74

Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է` լրացուցիչ ճկունություն ապահովելով տնտեսվարողների համար: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ: Սահմանվել է նաեւ պարտավորությունների մարման վճարման վերջնաժամկետի նորմ, վերանայվել է դեբետային գումարների վերադարձման կարգը:

Արթուր Մանուկյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ԱԺ փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները, Կառավարությունը եւս ներկայացրել է նախագիծը լավարկող տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքներում լրացումեր նախատեսող օրինագծերի փաթեթին:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` նախաձեռնությամբ ամրագրվում է, որ ԵԱՏՄ-ի արդյունաբերական ապրանքների ռեեստրում ապրանքների մուտքագրումը տեղի է ունենում Առեւտրաարդյունաբերական պալատի տված ծագման վկայականի եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ռեեստրում փաստացի մուտք անելու գործընթացի հիման վրա

«Դա հնարավորություն է տալիս, որ ռեեստրում առկա ապրանքները մասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումների գործընթացներին: Այս պահին մենք ունենք 5 անվանատեսակ ապրանք, որոնք մուտքագրված են արդյունաբերական ապրանքների ռեեստրում»,- ընդգծել է նախարարը:

Կարեւորելով արդյունաբերության զարգացումը` զեկուցողը փաստել է, որ մշակվող արդյունաբերությունում 2022 թվականին տնտեսական աճը կազմել է 11,9 տոկոս:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

--00—ՅՄ