Ավշար գյուղի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել. Արարատի մարզպետարանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

բարի գալուստ

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի միջադեպի մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ դպրոցի տնօրենի՝ ազատման դիմում գրելու մասին  տեղեկությունը իրականության չի համապատասխանում:  

«Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»,- ասված է հայտարարության մեջ։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը՝ մարզպետի մտերիմը, աշխատանքից ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ ու գործադուլ են արել՝ պահանջելով աշխատանքից չազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս