ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ 2 նախագիծ ընդունեց, մեկը՝ աջ ղեկով մեքենայի ներմուծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր:

  Նշենք, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:

Կառավարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց միաձայն՝ 113 կողմ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել և 2020 թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել: