Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը հետաձգվեց։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ 
Այն կշարունակվի վաղը՝ մարտի 14-ին, ժամը 10։00-ին։  

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

«Այսօր մեր դատավարական հակառակորդները ներկայացրին իրենց դիրքորոշումը, պնդում են, որ երկու ամսով երկարաձգվի ժամկետը․ նույն հիմքով են պնդում, որ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել քննությանը»,- նշեց Ալումյանը։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին նպատակահարմար չի համարել մասնակցել, վաղվա նիստին պարզ չէ կմասնակցի, թե ոչ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր մեկնարկել էր միջնորդության քննությունը։ 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: