Էլիզբարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-02-27 125321

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ 2023 թվականի փետրվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։

Կայազորի զինվորական դատախազները ներկայացրել են զինված ուժերում հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրները:

Կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորի տարածքում տեղակայված զորամասերում և այլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և պարտադիր ու պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներն ու դասախոսություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու, քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս:

Հանցագործությունների կանխման տեսանկյունից Գրիգոր Էլիզբարյանը նաև հանձնարարել է արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև մահվան դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով, դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:

Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Գրիգոր Էլիզբարյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

--00—ՅՄ