Անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ, փոխել մթնոլորտը. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Արմեն Սարգսյան

Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ եւ վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված եւ կանոնակարգված աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող եւ կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլեւ միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։

Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ` քայլ առ քայլ հասարակական տարբեր խմբերի շփումների միջոցով վստահության ու փոխըմբռնումի հասնելու համար:

Անհրաժեշտ է ճշգրիտ ու մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական աշխատանք` տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Իսկ ամենահիմնականը եւ հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու` աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու եւ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները»: