Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավարևմտյան սահման, հետաքրքրվել անձնակազմի մարտական պատրաստությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

--00—ԱՊ