ԵԱՀԿ գործող նախագահը ևս ՀՀ ԱԺ ընտրությունը «հայկական հրաշք» է որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018 թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման և տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող և ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաև փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջև: Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն:

Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է, և խաղաղության հաստատման հարցում կարևոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել և՛ Մինսկի խմբի համանախագահների, և՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը:

Անդրադառնալով հայ-սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաև Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը: